Թերթը գրում է, որ Տիգրան Սարգսյանի վարչապետության հանգամանքը շարունակում է նյարդայնացնել Սերժ Սարգսյանին: Տապալված տնտեսական քաղաքականության, երկրում տիրող ծանրագույն սոցիալական վիճակի պատասխանատուն ըստ էության եւ ի պաշտոնե վարչապետ Տիգրան Սարգսյանն է, եւ նրա տապալումը նախեւառաջ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության տապալումն է, եւ այս մասին, ի դեպ, շատ լավ գիտակցում է Սերժ Սարգսյանը:
«ՉԻ» տեղեկություններով` ՌԴ իշխանությունները շարունակում են Սերժ Սարգսյանին հորդորել ազատվելու Տիգրան Սարգսյանից, եւ սա արդեն ոչ միայն ՌԴ քաղաքական վերնախավին պահանջն է, այլ նաեւ Սերժ Սարգսյանի ցանկությունը: Սակայն ամերիկյան լոբբին այս դեպքում ավելի կարեւոր է, եւ Սերժ Սարգսյանի չի կարողանում բավարարել ռուսներին, քանի որ ԱՄՆ-ն էլ պնդում է Տիգրան Սարգսյանի վարչապետության վրա: Եվ Սերժ Սարգսյանն անկախ իր ցանկությունից առայժմ ստիպված է հանդուրժել Տիգրան Սարգսյանին:
Բայց իրադարձություններն այս թեմայի շուրջ շատ ավելի հետաքրքիր սցենարով կզարգանան, քանի որ Սերժ Սարգսյանը, «ՉԻ» տեղեկություններով, գտել է վարչապետից ազատվելու ձեւը: Թերթի տեղեկություններով` ռուսաստանյան իր գործընկերներին Սերժ Սարգսյանը խնդրել է մի քիչ էլ համբերել, եւ Տիգրան Սարգսյանին ինքը «քաղաքակիրթ» առաջարկով կհանի վարչապետությունից: «Սերժ Սարգսյանը արդեն որոշել է, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ նախընտրական ցուցակը գլխավորելու է Տիգրան Սարգսյանը:
Այսպիսով` Տիգրան Սարգսյանին առաջարկվելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ, իսկ ակտիվ քաղաքականությունն ու գործադիրի ղեկավարումը հակասահմանադրական է եւ չի բխում ընտրությունների ազատ, արդար եւ թափանցիկ անցկացնելու միջազգային հանրությանը տված երդում-խոստումների տրամաբանությունից:
Ստացվում է` Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին հեռացնելու է վարչապետի պաշտոնից` տեղը առաջարկելով զբաղվել ակտիվ քաղաքականությամբ եւ գլխավորելով ՀՀԿ նախընտրական ցուցակը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:




























