Երեւանում մեկնարկած ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցության ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծրագրային ելույթով հանդես եկավ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա անդրադարձել է միջազգային եւ տարածաշրջանային գործընթացներին:

«Մենք պատվով ենք բռնել ժամանակի քննությունը: Դիմակայել ենք բազում ճնշումների ու մարտահրավերների, որոնք հաճախ բխել են արտաքին քաղաքական միջավայրի եւ միջազգային իրադրության փոփոխություններից, երբեմն նաեւ մեր իսկ բացթողումներից: Այո՛, մենք հաղթահարել ենք այդ ճնշումներն ու մարտահրավերները՝ չվտանգելով մեր անկախությունն ու մեր անվտանգությունը, մեր ինքնիշխանությունն ու մեր ձեռքբերումները:

Ավելին, այդ ճնշումներից դուրս ենք եկել կոփված՝ աշխարհին ներկայանալով որպես վստահելի գործընկեր, որի խոսքն ու գործը չեն տարբերվում, որը միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների լուծման պատասխանատվության իր բաժինը երբեք չի փորձում դնել ուրիշի ուսերին:

Մեր առջեւ դրված շատ խնդիրներ դեռեւս լուծված չեն: Սակայն ես համոզված եմ, որ մեր դիվանագիտությունը, ի վերջո, հաջողությամբ է ավարտելու մեր հաղթանակներով սկսած գործը»,- ասել է Սերժ Սարգսյանը, ով նաեւ պատասխանել է խորհրդակցության մասնակիցների հարցերին:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր խոսքում կարեւորել է դեսպանահավաքի երկօրյա քննարկումների ընթացքում ՀՀ նախագահի կողմից դրված խնդիրների եւ տրված հանձնարարականների իրականացման ուղիների նախանշումը: Նա անդրադարձել է Հայաստանի կողմից երկկողմ եւ բազմակողմ հարթություններում ձեռնարկվող դիվանագիտական քայլերին, միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններում մեր երկրի ներգրավվածությանը, խորհրդարանական եւ մշակութային դիվանագիտությանը:

Նույն օրը դեսպանաժողովին ելույթ է ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ներկայացրել է Հայաստանի խորհրդարանի միջազգային գործունեությունը, միջխորհրդարանական կապերը, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովներում ԱԺ պատվիրակությունների գործունեությունը:

Հանդիպման հաջորդ բանախոսն էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հայեցակարգը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին դիմակայելու նպատակով ձեռնարկվող քայլերը, ՀՀ Կառավարության կողմից իրականացվող տնտեսական, հարկային եւ մաքսային ոլորտների բարեփոխումները, գործարար միջավայրի բարելավման եւ օտարերկրյա ներդրումների խթանման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Դեսպանահավաքին ելույթներ են ունեցել Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն, Ցեղասպանության 100-ամյակի կազմակերպման պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը ներկայացրեց Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստական աշխատանքները:

Օգոստոսի 31-ին դեսպանաժողովը կշարունակի աշխատանքները: