ԱՄՆ-ը պատասխանել է Սաուդյան Արաբիային այն բանից հետո, երբ Էր Ռիադը հերքել է նավթի արդյունահանումը նվազեցնելու ՕՊԵԿ+-ի երկրների որոշման քաղաքական ենթատեքստը եւ դրա ուղղվածությունը որոշ պետությունների դեմ։
«Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունը կարող է փորձել խաբել կամ շեղել, սակայն փաստերը պարզ են»,- ասվում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիի հայտարարության մեջ, որում նա նաեւ նշում է, որ նավթային կարտելի այլ երկրներ ԱՄՆ-ին մասնավոր զրույցի ընթացքում ասել են, թե իրենք «զգացել են, որ ստիպված են աջակցել Սաուդյան Արաբիայի առաջարկին»։
Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային տրամադրել է նաեւ «վերլուծություն», որը ցույց է տալիս, որ «նավթի արդյունահանման կրճատման շուկայական հիմքեր չեն եղել մինչեւ կրճատման մասին ՕՊԵԿ+-ի որոշումը»:
Ավելի վաղ թագավորության արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ «Սաուդյան Արաբիայի կառավարությունն ամբողջությամբ հերքում է այս հայտարարությունները, որոնք հիմնված չեն փաստերի վրա եւ հիմնված են ՕՊԵԿ+-ի որոշումը որպես զուտ տնտեսական շրջանակներից դուրս ներկայացնելու փորձի վրա։ Այս որոշումը միաձայն ընդունվել է խմբի բոլոր երկրների կողմից... Այս որոշման մեկ ամսով հետաձգումը, ինչն առաջարկում էր ԱՄՆ-ը, բացասական տնտեսական հետեւանքներ կունենար»։





























