Մեծ Բրիտանիայի բնակչության միայն 9 տոկոսն է դրականորեն վերաբերվում վարչապետ Լիզ Թրասին: Ըստ People Polling-ի հարցման՝ վարչապետի անձնական վարկանիշը կտրուկ ընկել է մինի բյուջեի ընդունումից հետո երեք շաբաթվա ընթացքում, գրում է The Telegraph-ը:
Միևնույն ժամանակ, GB News-ի պատվերով անցկացված հարցումը ցույց է տվել, որ լեյբորիստների առաջնորդ սըր Քիր Սթարմերի վարկանիշը բարձրացել է 6 տոկոսով՝ 27 տոկոսից:
Սոցիոլոգ և գիտնական, պրոֆեսոր Մեթյու Գուդվինը, ով ղեկավարել է հետազոտությունը, ասում է, որ նոր բացահայտումները տիկին Թրասի համար «պարտություն» են:
«Այս թվերը նշանակում են, որ Լիզ Թրասն ավելի ոչ պոպուլյար է, քան երբևէ եղել են Բորիս Ջոնսոնն ու Ջերեմի Քորբինը. նա հիմնականում գտնվում է այնտեղ, որը ես կանվանեի արքայազն Էնդրյուի տարածք», - ասել է նա: «Սա լավ տեղ չէ, և դա պայմանավորված է նրանով, թե որքան վատ է նա սկսել իր վարչապետությունը: Եթե նա ավելի լավ իրեն դրսեւորեր շփումներում, երևի նման աղետ չէր լինի։ Այս պահին սա անելանելի վիճակ է, և քաղաքական գործչի համար շատ ու շատ դժվար է ճեղքել այս պարույրը»։
Սեպտեմբերի 21-ին՝ մինի բյուջեից երկու օր առաջ, հանրության 17%-ը դրական էր տրամադրված Թրասի նկատմամբ, որից 3%-ը՝ «շատ դրական», իսկ 14%-ը՝ «համեմատաբար դրական»։
Սակայն հոկտեմբերի 12-ին այդ թիվը նվազել է մինչև երկու տոկոս:
Պրոֆեսոր Գուդվինը բացատրել է, որ Թրասն այժմ ունի նույն վարկանիշը, ինչ Ջոն Մեյջորը 1992 թվականի «Սև չորեքշաբթիից» հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպական արժութային մեխանիզմից:
«Վարչապետի առջեւ ծառացած մարտահրավերները երկակի են. Նա վարում է այնպիսի քաղաքական կուրս, որի հետ ընտրողների մեծ մասը համաձայն չէ. նրանց չի գրավում հարկերը կրճատելով տնտեսական աճը խթանելու փաստարկը», - ասել է նա: «Կարելի է առարկել, որ քաղաքական գործիչները չպետք է առաջնորդվեն հասարակական կարծիքով։ Բայց բացի այդ, ընտրողների մեծամասնությանը կարծես թե դուր չի գալիս Լիզ Թրասը, որն ավելի մեծ խնդիր է։ Կարծես նրանք Թրասին համարում են ոչ կոմպետենտ, որն արժանի չէ վստահության կամ անհրապույր։ Դա նրա քաղաքականությանն ընդդիմանալու և նրա անձից դժգոհության համադրություն է»:
Հարցումը ցույց է տվել, որ պահպանողականների ձայների բաժինը նվազել է մինչև 19 տոկոսի։ Լեյբորիստների առավելությունն ընդլայնվել է՝ հասնելով 34 կետի, ինչը կրկնակի ավել է ինքնուրույն մեծամասնություն կազմելու համար: Սա վկայում է, որ ընտրություններում պահպանողականները պարտություն կկրեն:





























