Սերբիայի ֆիզիկական գոյությունը կախված է Ռուսաստանի հետ բարեկամությունից։ Այսպիսի հայտարարություն է կիրակի օրը արել հանրապետության ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը «Вечерне новости»-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ բարեկամությունը հսկայական նշանակություն ունի, եւ որ առանց դրա մենք Սերբիային ֆիզիկական անհետացման ռիսկի ենք ենթարկում»,- ասել է Վուլինը։
«Հարցն այն չէ, թե ցանկանում ենք արդյոք մենք անդամակցել ԵՄ-ին, այլ այն, թե ուզում է արդյոք ԵՄ-ն Սերբիային: Դատելով այն անխոհեմ շանտաժից, որին ենթարկում են մեզ, որպեսզի մենք ճանաչենք Կոսովոն, վերացնենք Սերբական Հանրապետությունը, պատժամիջոցներ կիրառենք Ռուսաստանի դեմ, նրանք մեզ չեն ուզում [տեսնել ԵՄ կազմում]։ Որքան շուտ ընդունենք, որ նրանք մեզ չեն ուզում, եւ որ մեր տեղն այնտեղ չէ, այնքան լավ մեզ համար։ Եվրամիության նկատմամբ վերաբերմունքը ոչ թե էմոցիաների, այլ ռացիոնալ որոշումների խնդիր է»,- ընդգծել է նախարարը։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, մեկնաբանելով Սերբիայի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցը, ասել էր, թե Եվրամիությունը կարծում է, որ ԵՄ-ին անդամակցելու երկրի զարգացման առաջընթացը կայանում է նրանում, որ ամեն օր դատապարտեն Ռուսաստանին, իսկ հանրապետությունը այդ իմաստով հետընթաց է ապրում։





























