Ռուսական նորագույն գերձայնային «Կինժալ» հրթիռներն իրենց լավ են դրսեւորել հատուկ գործողության ընթացքում, նրանց համար սարսափելի չեն ՀՕՊ համակարգերից եւ ոչ մեկը, այս մասին լրագրողներին հայտնել է հատուկ գործողությունների անցկացման շրջանում զորքերի միավորված խմբավորման հրամանատար, ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա հավելել է, որ օդից արձակված ռազմավարական թեւավոր հրթիռները բարձրագույն ճշգրտություն են ցուցաբերել։ Օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը մարտական օգտագործման որակով առանձնացրել է նաեւ հինգերորդ սերնդի «Սու-57» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռը։
«Ունենալով սպառազինությունների լայն տեսականի, այն յուրաքանչյուր թռիչքի ժամանակ լուծում է օդային եւ ցամաքային թիրախներին խոցելու բազմակողմ խնդիրներ»,- ասել է Սուրովիկինը:
Նա հավելել է, որ ավելի քան 8000 թռիչք է իրականացվել անօդաչու թռչող սարքերի միջոցով, իսկ ուկրաինացի զինվորականների ավելի քան 600 օբյեկտ ոչնչացվել է գրոհային անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Նրա խոսքով՝ հակառակորդի օրական կորուստները կազմում են 600-1000 սպանվածներ եւ վիրավորներ։ «Մենք այլ ռազմավարություն ունենք։ Այս մասին արդեն խոսել է գերագույն հրամանատարը։ Մենք չենք ձգտում առաջխաղացման բարձր տեմպերի, մենք պաշտպանում ենք յուրաքանչյուր զինվորի եւ մեթոդաբար «ջախջախում» առաջացող հակառակորդին»,- ասել է հրամանատարը։
Նրա խոսքով՝ Կիեւը հավաքում է բոլոր ռեզերվները՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանությունը, այդ թվում՝ թույլ պատրաստված տարածքային պաշտպանությունը ճեղքելու համար։ «Իրականում Ուկրաինայի ղեկավարությունը նրանց ոչնչացման է դատապարտում։ Առաջնագծից փախուստը կանխելու համար ուկրաինական իշխանությունները օգտագործում են ազգայնականների ջոկատները, որոնք գնդակահարում են բոլորին, ովքեր կփորձեն լքել մարտի դաշտը»։
«Ընդհանուր առմամբ, իրավիճակը հատուկ ռազմական գործողության գոտում կարելի է բնութագրել որպես լարված։ Հակառակորդը չի թողնում ռուսական զորքերի դիրքերի վրա հարձակման փորձերը։ Դա առաջին հերթին վերաբերում է Կուպյանսկի, Կրասնոլիմանսկի եւ Նիկոլաեւո-Կրիվոյ Ռոժի ուղղություններին։
Նա ասել է, որ ռուսական բանակը կապահովի Խերսոնի մարզից խաղաղ բնակիչների ժամանակին հեռանալը։ «Այս պայմաններում մեր առաջնահերթ խնդիրը խաղաղ բնակիչների կյանքի եւ առողջության պահպանումն է։ Ուստի առաջին հերթին ռուսական բանակը կապահովի բնակչության անվտանգ, արդեն հայտարարված հեռանալը ՌԴ կառավարության կողմից նախապատրաստվող վերաբնակեցման ծրագրով»,- ասել է նա՝ խոսելով Խերսոնի մարզում տիրող իրավիճակի մասին՝ կապված ուկրաինական զորքերի ծրագրված հարձակման հետ։
Խոսելով բուն շրջկենտրոնի` Խերսոն քաղաքի մասին, Սուրովիկինն ընդգծել է, որ ՌԴ Զինված ուժերի պլաններն ու գործողությունները դրա առնչությամբ կախված կլինեն զարգացող ռազմամարտավարական իրավիճակից։ «Կրկնում եմ՝ այսօր արդեն շատ դժվար է։ Ամեն դեպքում, ինչպես արդեն ասացի, մենք ելնելու ենք խաղաղ բնակչության եւ մեր զինծառայողների կյանքը առավելագույնս պահպանելու անհրաժեշտությունից։ Մենք գործելու ենք գիտակցված, ժամանակին` չբացառելով բարդ որոշումների ընդունումը»,- նշել է գեներալը։





























