Իսրայելական ցանկացած զենք, որը տրամադրվում է Ուկրաինային, կարող է հայտնվել Իրանի ձեռքում։ Այս մասին MSNBC-ին տված հարցազրույցում ասել է Իսրայելի նախկին վարչապետ, այժմ ընդդիմության առաջնորդ Բենիամին Նեթանյահուն։
Նա ընդգծել է, որ ուկրաինա-ռուսական պատերազմի առնչությամբ Իսրայելի ներկայիս քաղաքականությունը «խելամիտ» է համարում՝ մատնանշելով փախստականների ընդունելությունն ու մարդասիրական օգնության տրամադրումը։
Նախկին վարչապետը մերժել է Ուկրաինային զենք մատակարարելու գաղափարը։ «Զենքի հարցում միշտ կա հավանականություն, եւ դա կրկնվել է նորից ու նորից, որ մեր մատակարարած զենքը հայտնվի Իրանի ձեռքում եւ օգտագործվի մեր դեմ»,- ասել է Նեթանյահուն։ «Գոլանի բարձունքներում, որտեղ մենք փորձում ենք թույլ չտալ Իրանին երկրորդ լիբանանյան ճակատ ստեղծել, մենք բախվում ենք իսրայելական արտադրության զենքերին»:
Նեթանյահուն հավելել է, թե կարծում է, որ Ուկրաինայի պատերազմի ամենամեծ վտանգն այն է, որ այն կարող է վերաճել «համաշխարհային հակամարտության», ներառյալ միջուկային զենքի հնարավոր օգտագործումը։ «Ես չեմ կարծում, որ մեծ տարբերություն կա՝ դա մարտավարական միջուկային զենք կլինի, թե ռազմավարական, այդ շեմը չի հաղթահարվել արդեն 77 տարի, եւ ես կարծում եմ, որ այժմ անհրաժեշտ է վճռականության եւ զգուշության համադրություն՝ համոզվելու համար, որ այս հակամարտությունն ավարտվում է եւ, իհարկե, չի տարածվում։
Հուլիսին Նեթանյահուն քննադատել էր ներկայիս կառավարությանը՝ հակամարտության պայմաններում նրա քաղաքականության համար՝ իրավիճակը անվանելով «վտանգավոր ճգնաժամ Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ»:
Նախկին վարչապետն ասել է, որ Իսրայելը «մտածված, հավասարակշռված եւ պատասխանատու հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի հետ», քանի դեռ ներկայիս կառավարությունը հանդես չէր եկել պատերազմի քննադատությամբ: «Դա տեղի է ունենում սիրողականության, անպատասխանատվության եւ ամբարտավանության համադրության պատճառով»,- այն ժամանակ ասել էր Նեթանյահուն:
Ավելի վաղ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր, որ պաշտոնական նոտա կուղարկի Իսրայելին՝ հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման խնդրանքով։





























