Ուկրաինայի պատերազմը չպետք է հանգեցնի ածխի «համաշխարհային վերածննդի»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, չնայած այն հանգամանքին, որ Գերմանիան ինքը վերագործարկել է ածխով աշխատող էլեկտրակայաններ՝ կանխելու էներգետիկ ճգնաժամն այս ձմռանը, հայտնում է AP-ն։

Շոլցը կարեւորել է իր կառավարության ջանքերը՝ Գերմանիա ռուսական գազի մատակարարումը դադարեցնելու որոշման հետեւանքներին հակազդելու համար։ Վերջին ամիսներին կառավարությունը հավանություն է տվել ածխով եւ նավթով աշխատող մի քանի էլեկտրակայանների վերաբացմանը, իսկ բնապահպան ակտիվիստները զգուշացրել են, որ Գերմանիա իր կլիմայական նպատակները խախտելու ռիսկի է դիմում՝ ավելի շատ հանածո վառելիք այրելով:

Շոլցն ասել է, որ եւս հինգ էլեկտրակայաններ, որոնք օգտագործում են գորշ ածուխ՝ բարձր արտանետումներով ցածրորակ ածուխ, վերաբացվել են վերջին օրերին «որպես սահմանափակ ժամանակով, բայց անհրաժեշտ արտակարգ միջոց»: Կանցլերը նաեւ որոշել է այս շաբաթ շարունակել Գերմանիայի վերջին երեք ատոմակայանների գործունեությունը, որոնք ի սկզբանե նախատեսվում էր փակել տարեվերջին:

«Մենք նախկինի պես վճռական կերպով հավատարիմ ենք մնում մեր կլիմայական նպատակներին»,- ասել է Շոլցը:

Նա խոստացել է, որ Գերմանիան, որը շարժվում է դեպի էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման ընդլայնում, կընդունի բոլոր հիմնական օրենքները, որոնք անհրաժեշտ են մինչեւ այս տարվա վերջը կլիմայական նպատակներին հասնելու համար եւ Եվրամիությունը հավատարիմ կմնա նշված կուրսին: «Ռուսական ագրեսիան եւ դրա հետեւանքները չպետք է հանգեցնեն ածխի համաշխարհային վերածննդի», - ասել է կանցլերը: «Մենք հստակ առաջարկներ կանենք, որպեսզի զարգացած եւ զարգացող երկրները կարողանան վճռականորեն ընթանալ դեպի կլիմայական չեզոք էներգետիկ հատվածի ճանապարհը»:

Այս ամսվա սկզբին Գերմանիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, թե Բեռլինն ուզում է, որ Եգիպտոսում կլիմայի շուրջ բանակցություններում քննարկվի գլոբալ տաքացումից հսկայական տնտեսական վնասը: