2019 թվականից ԵՄ-ն Չինաստանին պաշտոնապես  իր գործընկերն է համարում, տնտեսական ու համակարգային մրցակիցը…

Եվրամիության առաջնորդները մտահոգություն են հայտնել Չինաստանից տնտեսական կախվածության վերաբերյալ, ինչի պատճառով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Չինաստան կատարելիք այցի հետ կապված հարցերի առաջ է կանգնել, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

ԵՄ շատ առաջնորդներ ասել են, որ իրենց անհրաժեշտ է միասնական եւ ավելի կոշտ դիրքորոշում Չինաստանի նկատմամբ:

2019 թվականից ԵՄ-ն Չինաստանին պաշտոնապես իր գործընկերն է համարում, ինչպես նաեւ տնտեսական եւ համակարգային մրցակիցը։

ԵՄ արտաքին ծառայությունն ավելի վաղ ասել էր, որ Պեկինն այժմ պետք է դիտվի հիմնականում որպես մրցակից, որը խթանում է «աշխարհակարգի այլընտրանքային տեսլականը»:

Այս ամենը տեղի է ունենում այն ​​ժամանակ, երբ Գերմանիայի իշխող կոալիցիան քննարկում է, արդյոք թույլ տալ Չինաստանի պետական ​​Cosco նավագնացության խմբին ձեռք բերել Համբուրգի նավահանգստի տերմինալի բաժնետոմսերը, թե ոչ: Կառավարության արձագանքը, որն այժմ այս հարցում երկփեղկված է, դիտվում է որպես ցուցիչ այն բանի, թե որքանով է նա պատրաստ կոշտացնել դիրքորոշումն իր հիմնական առեւտրային գործընկերոջ նկատմամբ։

Շոլցն արդեն բախվել է ԵՄ այլ երկրների ճնշմանը՝ կապված գազի գնի առաստաղ սահմանելու եւ 200 միլիարդ եվրոյի փաթեթի դեմ, որը նպատակ ունի պաշտպանել գերմանացի սպառողներին եւ բիզնեսներին՝ էներգիայի գների բարձրացումից:

Ուրբաթ օրը Շոլցն ընդգծել է, որ պոտենցիալ վաճառքը վերաբերում է միայն տերմինալի բաժնետոմսին, եւ ոչ ամբողջ նավահանգստի վերահսկիչ փաթեթին:

Նրա ներկայացուցչի խոսքով՝ Շոլցը Չինաստան կմեկնի նոյեմբերի սկզբին։ Հարցին, թե ինչու են բիզնեսի ներկայացուցիչները ուղեկցելու նրան ճամփորդության ժամանակ, Շոլցը պատասխանել է, որ իրենք միշտ նման ճանապարհորդությունների են գնացել։

Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն ասել է, որ առաջնորդները չեն քննարկել Համբուրգի նավահանգստին վերաբերող հարցերը, այլ շոշափել են կարեւոր ենթակառուցվածքները՝ հավելելով, որ այն չպետք է վաճառվի «ավտորիտար ռեժիմներին»:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել է, որ ԵՄ-ն նախկինում «ռազմավարական սխալներ» է թույլ տվել՝ Չինաստանին ենթակառուցվածքներ վաճառելիս։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ԵՄ-ն դաս է քաղել Ռուսաստանից կախվածություն ունենալուց եւ պետք է զգոն լինի Չինաստանի հարցում։

«Չինաստանի դեպքում դա տեխնոլոգիաներից եւ հումքից կախվածության վտանգ է», - ասել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է մեծացնի իր արտադրական կարողությունները եւ ավելի շատ կենտրոնանա հուսալի մատակարարների վրա։

Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսն ասել է, որ ԵՄ-ի համար կարեւոր է խոսել Չինաստանի հետ՝ համոզվելու համար, որ նա Ուկրաինայի հարցում «ճիշտ կողմում» է գտնվում: