Թուրքական Titra Teknoloji ընկերությունը մշակել է Deli նոր անօդաչու-կամիկաձեն, որը երեքշաբթի օրն առաջին անգամ ներկայացվել է Ստամբուլի SAHA Expo պաշտպանական ցուցահանդեսում, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Sabah-ին։

Ընկերության գլխավոր տնօրեն Դավութ Յըլմազը հայտնել է, որ մասնագետներն ավարտում են ԱԹՍ-ի փորձարկումները եւ ակնկալում են, որ այն մինչեւ 2022 թվականի վերջը շահագործման կհանձնվի։

Անօդաչու թռչող սարքը կկարողանա աշխատել ինքնավար եւ ձեռքի կառավարման ռեժիմով, այն կարելի է հեշտությամբ տեղափոխել եւ 15 րոպեում օգտագործման պատրաստել։ ԱԹՍ-ները կհագեցնեն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներին դիմակայելու սարքավորումներով:

Անօդաչուն կկարողանա զարգացնել 180 կմ/ժ առավելագույն արագություն, բարձրանալ մինչեւ 3,5 հազար մետր բարձրություն, իսկ մարտական գործողություններում հնարավոր կլինի 150-500 մետր բարձրության վրա օգտագործել: ԱԹՍ-ն 3,1 կգ քաշով մարտագլխիկ կկրի։