Պրահայում լույս է տեսել «Օրեր» եվրոպական ամսագրի հատուկ թողարկումը՝ նվիրված անկախության 20 տարիներին Հայաստանում եւ սփյուռքում հայ մամուլի զարգացմանն ու խոսքի ազատությանը։ NEWS.am-ին այս մասին հայտնում են ամսագրի խմբագրությունից։
Ի՞նչ զարգացումներ է ապրել հայ մամուլը, որո՞նք են հիմնական խնդիրները, ի՞նչ ապագա է սպասվում եւ զարգացման ի՞նչ հեռանկարներ կան։ Այս հարցերին պատասխանում են Հայաստանի բոլոր հեղինակավոր լրագրողական կազմակերպությունների ղեկավարները, լրատվամիջոցների հայտնի խմբագիրներն ու ղեկավարները։ 30-ից ավելի կարծիքներ ու հարցազրույցներ են տպագրվել, որոնք ընդգրկում են լրատվական դաշտի բոլոր ոլորտները՝ թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն, էլեկտրոնային թերթեր կամ լրատվական կայքէջեր, լրատվական գործակալություններ։
«Օրերի» զրուցակիցների գերիշխող մեծամասնության կարծիքով ազատության առումով ինտերնետային կայքերից զատ Հայաստանում մամուլը համարվում է համեմատաբար ազատ, իսկ հեռուստատեսությունը՝ անազատ։
Հատուկ թողարկումն անդրադառնում է նաեւ լրատվամիջոցներում մայրենի լեզվի պահպանման խնդրին, սփյուռքահայ հայատառ մամուլում ստեղծված աղետալի վիճակին։



























