Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հորդորում է նայել «Իշխանություն 2» ֆիլմը, հետո միայն մեկնաբանել այն։ 

NEWS.am-ի հետ զրույցում ռեժիսորը չցանկացավ մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի աջակիցների ակցիան, որտեղ նրանք հայտարարում են, թե «Իշխանություն 2» ֆիլմում ատելության քարոզ կա իշխանության նկատմամբ։

«Անիմաստ եմ համարում մեկնաբանել այդ հիմարությունները։ Մարդիկ չեն նայել ֆիլմը, բայց ասում են, թե հստակ գիտեն՝ ինչի մասին է այն։ Ես համաձայն չեմ այն պնդման հետ, որ իմ ֆիլմում ատելության քարոզ կա, ես գեղարվեստական ֆիլմ եմ նկարել։ Կխնդրեմ ֆիլմը մեկնաբանել այն ժամանակ, երբ կբարեհաճեն նայել այն»,– նշեց ռեժիսորը։

Նշենք՝ նախօրեին կայացել էր ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմը, որից հետո ֆեյսբուքյան մի քանի օգտատեր, որոնք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցիներն են, նախատեսել էին Հանրապետության հրապարակում այսօր բողոքի ակցիա անել եւ պահանջել, որ ֆիլմի  ցուցադրությունը դադարեցվի։ Ցուցարարները, որոնք 10 հոգի էլ չկային, քիչ առաջ Կառավարության շենքի մոտ էին հավաքվել, բայց ակցիան այդպես էլ տեղի չունեցավ։

Նորայր Նորո Մուսայելյան ֆեյսբուքյան օգտատերն էլ ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել վառել «Իշխանություն 2» ֆիլմի պաստառը, իսկ հետո անցնել ֆիլմի հեղինակին, ռեժիսորին ու պրոդյուսերին։