Գյումրեցի Արեւիկ Դավթյանի երեք հոգանոց  ընտանիքն արդեն 4 տարի է՝ապրում է ծաղկի վաճառասրահում:«Սա 3ք/մ տարածք է, այստեղ մի ժամանակ ծաղիկ են վաճառել, եւ 4 տարի մենք ենք ապրում: Նույն տեղում ուտում ենք, քնում, ճաշ պատրաստում, լվացք անում»,- NEWS am-ի թղթացին պատմել է ընտանիքի երիտասարդ մայրը՝ 22-ամյա Աննա Դավթյանը:

Նա նաեւ ասել է, որ ամբողջ կյանքում տնակում է ապրել: Ծնվել է երկրաշարժից հետո, աչքը բացել է տնակում, հետո տնակում մեծացել է ամուսնացել ու հիմա իր երեխաներին է մեծացնում տնակում:

«Մանկուց որբ եմ եղել: Երբ ծնվել եմ, հայրիկս մահացած է եղել, նա մնացել է փլատակների տակ: Իսկ մայրս մահացավ, երբ 14 տարեկան էի: Հիմա ուզում եմ, որ երեխաս լավ մանկություն ունենա, բայց անգամ ի վիճակի չեմ մանկապարտեզ տանելու»,-ասել է Արեւիկ Դավթյանը:

Արեւիկի ամուսինը եւս աշխատանք չունի: Նա վարձու աշխատող է, նրա մասին թաղամասում ու հարեւան փողոցներում բոլորը գիտեն, զանգահարում են հարեւանի տուն ու կանչում աշխատանքի՝փայտ է կոտրում, աղբ թափում, մեկ-մեկ էլ բանվորություն անում: Ընտանիքը կայուն եկամուտ չունի, բացի 6 հազար դրամ տրվող ամենամսյա նպաստից:

Արեիկը դժգոհել է, թե երիտասարդ ընտանիքը գոյատեւել չի կարող ու հետո մեղադրում են, որ հեռանում են.«Փոշմանել եմ, փոշմանաել եմ անգամ, որ երեխա եմ ունեցել այս երկրի համար, 2.5 տարեկան է երեխաս, շուտով կծնվի մյուսը, իսկ մեզ ապրելու համար մի տնակ էլ չեն տալիս»-ասել է Արեիկը,ապա շարունակել, որ եթե հնարավորություն ու կապեր ունենար, մեկ վայրկյան էլ չէր հապաղի, կհեռանար աայստեղից:

«Իշխանություններն անտեսում են, չեն նկատում, որ պետության հույսը, ամրությունը երիտասարդ ընտանիքներն են, որոնք գնում են այս երկրից՝ իրենց համարելով անպաշտպան,  մեզ միայն հիշում են ընտրությունների նախօրեին: Դեռ հիշելու առիթներ կունենան»,-հավելել է Արեւիկ  Դավթյանը՝ասելով, որ այլեւս ոչ մի ընտրության ինքը չի մասնակցելու: