Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հանդես է եկել Թայվանի նեղուցում խաղաղության ու կայունության օգտին, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը`հավելելով, որ Արեւելյան Ասիայի գագաթաժողովի շրջանակներում նա նաեւ նշել է, որ Պեկինը, իբր, քայլեր է ձեռնարկում, որոնք խախտում են թագավորության ինքնիշխանությունը։
«Չինաստանը շարունակում եւ ակտիվացնում է գործողությունները Արեւելաչինական ծովում`խախտելով Ճապոնիայի ինքնիշխանությունը։ Թայվանի նեղուցում խաղաղությունն ու կայունությունը խնդիր է, որն անմիջականորեն կապված է տարածաշրջանային անվտանգության հետ»,- հայտարարել է Կիսիդան։
Ինչպես նշվում է, Չինաստանի հասցեին Ճապոնիայի վարչապետի քննադատությունը կապված է Թայվանի նեղուցում չինական զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ամառային միջադեպի հետ, որի հետեւանքով մի շարք արկեր թռել են դեպի Ճապոնիայի տնտեսական գոտի։ Բացի այդ, Տոկիոյին անհանգստացնում է չինական նավերի անցումը Սենկակու կղզիների մոտով։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Կիսիդան հնարավոր է նոյեմբերին հանդիպի Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Ինչպես նշվում է, հանդիպման ընթացքում Ճապոնիայի վարչապետն ակնկալում է չինացի գործընկերոջ հետ քննարկել մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ Թայվանի շուրջ ստեղծված ճգնաժամը եւ այն երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը։





























