Ուկրաինայի եւ Իսրայելի հարաբերություններում լարվածությունը մեծ թափ է հավաքում։ Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը Իսրայելի ԱԳՆ կանչվելուն «զայրացած ճառով» է պատասխանել. «Նրանք կարող են ասել այն, ինչ ուզում են», գրում է The Times of Israel-ը։

Իսրայելի բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպումից հետո ֆեյսբուքյան գրառման մեջ Կորնիյչուկն ասել է, որ «փոխանցել է ուկրաինական կողմի վրդովմունքը՝ Իսրայելի տարածք ուկրաինական քաղաքացիների մուտքն անհիմն մերժելու արմատացած պրակտիկայի կապակցությամբ»։ Նա հավելել է, որ Կիեւը մուտքի մոտ առկա խոչընդոտները համարում է «ոչ բարեկամական քայլ»։

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյաները բարձրաձայնել են երկիր մուտք գործելու թույլտվություն ունեցող ուկրաինացի փախստականների թիվը սահմանափակելու ներքին գործերի նախարար Այելետ Շաքեդի հրամանի մասին, որը հուլիսին չեղարկվել էր Գերագույն դատարանի կողմից: Սակայն ուկրաինացիներին թույլ չեն տալիս մուտք գործել Իսրայելի օդանավակայան:

Կորնիյչուկը նաեւ հիասթափություն է հայտնել, որ Իսրայելը ձեռնպահ է մնացել ՄԱԿ-ում Ուկրաինային ռուսական փոխհատուցման վերաբերյալ քվեարկությունից։

Կողմ են քվեարկել եւ՛ Ուկրաինան, եւ՛ Ռուսաստանը։ Փոխհատուցումների վերաբերյալ քվեարկության ժամանակ Իսրայելի ձեռնպահ մնալը որպես պատասխան քայլ է դիտվել:

Երկու կողմերն էլ պնդել են, որ ԱԳՆ-ում զրույցը նկատողություն չի եղել, չնայած հակառակի մասին հաղորդագրություններին:

«Մենք կհայտնենք մեր դիրքորոշումը։ Նա կհայտնի իր դիրքորոշումը»,-հանդիպումից առաջ The Times of Israel-ին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Յոսի Զիլբերմանը: «Դա նորմալ դիվանագիտական հանդիպում է»,- հավելել է նա։

Ynet լրատվական կայքը հայտնել է, որ քվեարկության հետ կապված՝ դեսպան Կորնիյչուկին նկատողություն տալու համար են կանչել։

Կիեւում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկին ասել է, որ «ՄԱԿ-ում հակաիսրայելական նախաձեռնություններին աջակցությունը չի նպաստում երկրների միջեւ վստահության ձեւավորմանը»։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականը նույնպես քվեարկությունը «լուրջ սխալ» է անվանել։

Կորնիյչուկը նշել է, որ Կիեւը չի փոխի իր դիրքորոշումը ՄԱԿ-ի քվեարկության ժամանակ, քանի դեռ Իսրայելը հրաժարվում է զենք վաճառել։

Բենիամին Նեթանյահուն շուտով պետք է կառավարություն ձեւավորի եւ վարչապետի պաշտոնում փոխարինի Յաիր Լապիդին։ Անհասկանալի է, թե արդյոք նա կփոխի Իսրայելի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում։

Նեթանյահուն, որպես ընդդիմության առաջնորդ, քարոզարշավի ընթացքում բարձր է գնահատել ներկայիս կառավարության «խոհեմ» դիրքորոշումը պատերազմի վերաբերյալ։ Սակայն ընտրություններից առաջ նա ասել է, որ «կդիտարկի» Ուկրաինային պաշտպանական զենք մատակարարելու հարցը։