Եթե Ֆրանսիայի կառավարությունը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառի, ապա դրանք ավելի շատ քաղաքական բնույթի կլինեն։  Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, ինքը դրական է գնահատում Ֆրանսիայի սենատի կողմից նման բանաձեւի ընդունումը։

Նշենք, որ Ֆրանսիայի Սենատը նախօրեին բանաձեւ էր ընդունել, որով կառավարությանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ եւ դուրս բերել ադրբեջանական զինված ուժերը Հայաստանի սուվերեն տարածքից։

«Ֆրանսիայի կառավարությունը, որպես Հայաստանի բարեկամ պետության կառավարություն, սկզբունքորեն միշտ փորձում է ադրբեջանական ագրեսիան ինչ-որ տարբերակներով կասեցնել։ Եթե անգամ դիտարկենք Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, դրանք հիմնականում կարող են լինել քաղաքական բնույթի, սակայն միայն Ֆրանսիայի կողմից դրանց կիրառումը կարող է մեծ էֆեկտ չունենալ։ Միեւնույն ժամանակ, միջազգային հանրության շրջանում դա կարող է դառնալ նախադեպ, որին կարող են հետեւել մի շարք այլ պետություններ»,- ընդգծեց Երվանդ Թարվերդյանը։

Զուգահեռներ անցկացնելով ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ՝ Թարվերդյանն ընդգծեց, որ այդ դեպքում Արեւմուտքը, որը, նրա խոսքով, ինչ-որ տեղ նաեւ հրահրել է այդ ռազմական գործողությունները, շատ խիստ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի դեմ։

«Այս դեպքում Սենատի որոշումն ավելի շատ կարող է լինել զգուշացում Ադրբեջանի կառավարությանը եւ նախագահին, որ չդիմեն ագրեսիայի»,– ասաց նա։

Անդրադառնալով բանաձեւում տեղ գտած՝ Արցախին վերաբերող կետին, որով Սենատի անդամները վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտությունը եւ կառավարությանը առաջարկում Լեռնային Ղարաբաղում հիմնել հումանիտար գրասենյակ, Թարվերդյանն ասաց. «Արցախի հետ կապված հարցը արդեն շուրջ 3 տասնամյակ տարբեր փուլերում եղել է Ֆրանսիայի համար կարեւոր, նրանք հետեւողական են, որը ես դրական եմ գնահատում»։