Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր՝ նոյեմբերի 18-ին, ամփոփել է 2018թ․ Երեւանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը եւ անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը Կազմակերպությունում։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ–ից, երեւանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երեւանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձեւեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային եւ խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, քաղաքացիության եւ մարդու իրավունքների կրթության, անտեսված արեւադարձային հիվանդությունների, մշակութային մասնակցության, գիտելիքների փոխանցման եւ հետազոտությունների խթանման հարցերի շուրջ։
Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Երեւանի գագաթնաժողովի արդյունքում ընդունված Երեւանի հռչակագրի առանցքային դրույթներն ու հանձնառությունները «Ապրել միասին» գաղափարի շուրջ էին՝ խարսխված մարդասիրական արժեքների, ֆրանկոֆոն համերաշխության եւ լեզվական ու մշակութային բազմազանությունը հարգելու վրա։ Անցած տարիների ընթացքում անհանդուրժողականության դրսեւորումների, ատելության խոսքի եւ խտրական երեւույթների տարածումը ցույց է տվել, թե որքան կարեւոր է ստեղծել արդար հասարակություն, խթանել հանդուրժողականությունն ու մշակութային բազմազանությունը։
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած չորս տարիների ընթացքում խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը եւ միասին ապրելու հանձնառություններն առավել քան երբեւէ գտնվել են Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում։
Անդամ երկրները հնարավորություն են ունեցել ՖՄԿ աջակցությամբ եւ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներգրավմամբ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ի նպաստ խաղաղության եւ ժողովրդավարության խթանման ու մարդու իրավունքների պաշտպանության:
Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարեւորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադրած ջանքերը՝ ուղղված ֆրանկոֆոն աշխարհում խաղաղության ամրապնդմանը, միջազգային եւ տարածաշրջանային գործընկերների հետ ճգնաժամերի կանխարգելման ու հակամարտությունների կառավարման ուղղությամբ հետեւողական աշխատանքը, ինչպես նաեւ կանխարգելիչ դիվանագիտություն եւ միջնորդություն իրականացնելուն ուղղված քայլերը՝ առաջնորդվելով հավաքական ֆրանկոֆոն համերաշխության գաղափարներով։
Հայկական կողմը ողջունել է ֆրանկոֆոն տարածքում լեզվական ու մշակութային բազմազանությունը ամրապնդելու շրջանակներում իրականացված «Ֆրանսերեն լեզու, մշակութային եւ լեզվական բազմազանություն» նախագիծը, ֆրանսերենի գործածությունը միջազգային հարաբերություններում խթանելուն միտված «Ֆրանսերենը միջազգային հարաբերություններում» ծրագիրը, ինչպես նաեւ՝ ֆրանսերենի վերաբերյալ Ջերբայում նախատեսված հռչակագրի ընդունումը։
Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաեւ հակամարտությունների կանխարգելման գործում երիտասարդության դերի, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կանանց ու տղամարդկանց հավասարության, արմատականացման ու ծայրահեղականացման դրսեւորումների կանխարգելման ոլորտներում կատարված աշխատանքներին։




























