Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 7-ին:

Նախօրեին դատարանում հարցաքննվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ Հուսեյն Մուսսան: Իրեն` Մուբարաքին դատարան էին բերել հիվանդանոցային շարժական մահճակալով:

Մուսսան հայտարարել է, թե ոստիկանությունը փետրվարին ցույցերը ցրելու ժամանակ զենք է կիրառել միայն ինքնապաշտպանական նպատակներով եւ մարտական փամփուշտների կիրառման հրաման չի ստացել:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, նախօրեին դադարեցվել էին լսումները Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով: Նախկին նախագահի պաշտպանի եւ հանրության շահերը ներկայացնող փաստաբանի ծեծկռտուքը դադարեցրել է դատաքննությունը:

Դատապարտյալի աթոռին են նաեւ Մուբարաքի երկու որդիները՝ Գամալը եւ Ալաան, ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադիլը եւ ոստիկանության 6 բարձրաստիճան նախկին աշխատակիցներ։

Մուբարաքը մեղադրվում է հակակառավարական ցույցերի մասնակիցների զանգվածային սպանություններին մասնակից լինելու, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի մեջ։ Մեղադրական  դատավճռի կայացման դեպքում Մուբարաքին մահապատիժ է սպառնում։

Նա իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները հերքում է։

Մուբարաքի որդիները մեղադրվում են կոռուպցիայի մեջ, նրանք եւս հերքում են իրենց մեղքը։