Երեւանում արգելվում է պիրոտեխնիկական արտադրատեսակների կիրառումը ցանկացած տիպի շենքերում, պայթյունավտանգ օբյեկտների տարածքներում, տանիքների, պատշգամբների, բեմերի վրա, ինչպես նաեւ ցույցերի եւ երթերի ժամանակ: Համապատասխան որոշումը նոյեմբերի 22-ին ընդունվել է Երեւանի ավագանու նիստում։
Պիրոտեխնիկական արտադրանքի կիրառման վայրերում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման գծեր եւ այլ խոչընդոտներ: Երեւանում տեխնիկական եւ հատուկ նշանակության պիրոտեխնիկական արտադրատեսակների կիրառումն իրականացվելու է իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի կողմից, որոնք ստացել են քաղաքապետի համապատասխան թույլտվությունը:
Պիրոտեխնիկական արտադրանքի կիրառումը թույլատրվում է Հանրապետության հրապարակում, Ազատության հրապարակում եւ հարակից տարածքներում տոնական օրերին կամ այլ հատուկ միջոցառումներ, օրինակ՝ Եվրատեսիլի ժամանակ։
Երեւանի փոխքաղաքապետ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ ֆիզիկական անձանց արգելվում է հրավառություն իրականացնելը։
Նա տեղեկացրեց, որ իշխանությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնցով պիրոտեխնիկական արտադրանքի ներմուծումը կարող են իրականացնել բացառապես լիցենզավորված ընկերությունները:
Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանեց, որ պիրոտեխնիկական արտադրատեսակների կիրառումն առանց թույլտվության առաջին անգամ կպատժվի 300 հազար դրամից մինչեւ 1 մլն դրամ տուգանքով (750 դոլարից մինչեւ 2500 դոլար-խմբ.): Մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում տուգանքի չափը կկազմի 1,3 մլն դրամից մինչեւ 2 մլն դրամ (3200 դոլարից մինչեւ 5000 դոլար-խմբ.):





























