Նոր ավտոբուսների 51 վարորդներ, որոնք հատուկ արկղ 100 դրամ չեն ներմուծել, ազատվել են աշխատանքից։ Այս մասին նոյեմբերի 22-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա վստահեցրեց, որ վարորդների վարքագծի տեսահսկման համակարգը մեկ-երկու շաբաթվա ընթացքում պատրաստ կլինի։ Սարգսյանը հավելեց, որ մինչեւ տարեվերջ կամփոփվեն տոմսերի միասնական համակարգի ներդրման մրցույթի արդյունքները։
Պաշտոնյան խոստովանեց, որ ավտոբուսները հաճախ ժամը 21:00-ից հետո չեն աշխատում եւ ասաց, որ շաբաթ ու կիրակի օրերին ինքը օգտվում է հասարակական տրանսպորտից։
«Այո, պատժամիջոցներ կարելի է կիրառել, բայց կարեւոր է նաեւ դիտարկել այս երթուղին շահագործող մասնավոր ընկերության այլընտրանքը»,- ասաց Սարգսյանը։





























