«Արդար գործ» կուսակցության ղեկավար Միխայիլ Պրոխորովը հաղորդել է, որ «խորապես հարգում է» Ալլա Պուգաչովային եւ նրան անպայման հրավիրելու է իր կուսակցություն:
«Այսօր եւեթ կկապվեմ նրա հետ եւ կառաջարկեմ ակտիվ մասնակցություն ունենալ մեր կուսակցության գործունեության մեջ»,-ասել է Պրոխորովը «Ինտերֆաքս»-ին: Նրա կարծիքով, «օրինակ, Ալլա Բարիսովնան կարող է զբաղվել փաթեթային այն հարցերով, որոնք կապված են Ռուսաստանում կանանց դրության հետ»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ սեպտեմբերի 6-ին «Կոմսոմոլսկայա պրավդային» տված հարցազրուցում երգչուհին ասել էր, որ եթե իրեն կանչեն «Արդար գործ», ապա անպայման կգնա:
Երգչուհին եւ օլիգարխը ընկերական հարաբերությունների մեջ են: Ալլա Բորիսովնայի 60-ամյակին նվիրված երեկույթի ծախսերը փակել էր գործարարը: Լրատվամիջոցները նաեւ հայտնում են, որ Պուգաչովան բուժվել է իսրայելական հիվանդանոցներից մեկում, որը պատկանում է գործարարին:




























