Երեւանի հանգստյան գոտիներից մեկը` Մանկական երկաթուղի հասնել հնարվոր է նաեւ ոտքով, պետք է միայն անցնել թունելը:
Մանկական երկաթուղին կառուցվել է 1937թվականին եւ նախկին ԽՍՀՄ տարածքում առաջիններից է եղել: Սակայն խոսքն այդ մասին չէ:
Դեպի այգի է տանում 400 մետր երկարությամբ թունելը, որի կառուցման ճշգրիտ տարեթիվը չհաջողվեց ճշտել: Ավելի ճիշտ, եղել է երկու թունել, որոից մեկը, սակայն, վաղուց արդեն չի գործում: Մանկության հիշողություններից մնացել է այն, որ թունելը միշտ վառ լուսավորված եւ բավականին մաքուր էր, դիմացն էլ սրճարան էր գործում:
Հիմա պատկերը մի փոքր այլ է: Ինչպես հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, թունելը տարածքային վարչական շրջանի վերահսկողության ներքո է գտնվում: Լուսավորությունն ապահովում է «Երքաղլույս» ՓԲԸ-ն, մաքրությունը` «Կենտրոն մաքրություն» ՓԲԸ-ն: Թունելի մուտքի առջեւ էլ նախկին սրճարանի փոխարեն պաղպաղակներով շրջում են «Էմո» եւ այլ ենթամշակութային շարժումների համակիրները:
Սակայն աղոտ լուսավորությունն ու «հոտավետ» պատերը դեռեւս ամենամեծ խնդիրը չեն: Որոշ տեղերում թունելի երեսպատման երակթե շերտերը գրունտի ճնշման տակ թեքվել են եւ սպառնում են փլվել: Քաղաքապետարանում այս կապակցությամբ հայտնեցին, որ արդեն մի քանի տարի է, ինչ թունելում ներոգման աշխատանքներ չեն իրականացվել: Չհայտնեցին նաեւ, թե մոտ ապագայում ծրագրվում են նման աշխատանքներ, թե ոչ:
Իսկ մինչ այդ այցելուները ստիպված կլինեն վախվխելով անցնել թունելը:




























