Պետք է ուժեղացնել աշխատանքը բանակում, հրամկազմը պետք է հասկանա, որ բանակի համար ամենագլխավորը կարգապահությունն է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանն, անդրադառնալով վերջին շրջանում բանակում տեղի ունեցող ողբերգական դեպքերին, զինվորների խոշտանգումների ու սպանությունների փաստերին:
Նա նշեց, որ անտարբեր չէ բանակում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, նշելով. «Ես միշտ ասել եմ եւ ասում եմ, որ չեմ ընդունում նման դեպքերը բանակում: Կցանկանայի, որ հրամկազմը 24 ժամ աշխատի զինվորների հետ, որ զինվորները իմանան, որ իրենց հրամանատարը իրենց մոտ է, իրենց հետ է, 18 տարեկան զինվորին մենակ չպետք է թողնել»:
Միքայել Հարությունյանի կարծիքով` կարեւոր չէ, ավելացե՞լ են սպանությունները բանակում, թե` ոչ, քանի որ անգամ մեկ զինվորի կյանքը թանկ է ժողովրդի համար: «Պետք է հասնել նրան, որ բանակում այդպիսի դեպքերը զրո լինեն»,- ասաց Հայաստանի գլխավոր ռազմական տեսուչը:
Միքայել Հարությունյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե որպես ռազմական տեսուչ` նախագահի, նախարարի հետ հանդիպումներում քննարկում է բանակում տեղի ունեցող դեպքերը, ինչին նա պատասխանեց, որ եւ նախագահի, եւ պաշտպանության նախարարի, եւ գլխավոր շտաբի պետի հետ քննարկում են նման խնդիրներ: «Դա մեր գլխավոր խնդիրներից մեկն է, այնպես որ, ոչ գլխավոր ռազմական տեսչությունը, ոչ գլխավոր ռազմական տեսուչն անտարբեր չէ: Մենք ամեն ինչ անում ենք, որ այդպիսի դեպքեր չլինեն»,- ասաց նա:
Մ. Հարությունյանի կարծիքով` բանակում նման դեպքերի արձանագրման պատճառն այն է, որ հասարակությունում աշխատանք չի տարվում, իսկ հրամկազմը պետք է օրուգիշեր աշխատի զինվորների հետ: «Պետք է քրտնաջան աշխատանք: Երբ հրամկազմի աշխատանքը զինվորների հետ թուլանում է, այդպիսի դեպքեր լինում են»,- նշեց պաշտպանության նախկին նախարարը:
Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել զինվորների սպանությունների, «ինքնասպանությունների» ու նաեւ խոշտանգումների դեպքերը: Ըստ իրավապաշտպան կազմակերպությունների, 1994-ից ի վեր, հայկական բանակում խաղաղ պայմաններում մահացել է 1500 մարդ: վերջին դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ի առավոտյան, ժամը 07:00-ի սահմաններում, երբ Ասկերանի մարտական հենակետում, հերթապահություն իրականացնելու ժամանակ, հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետեւանքով զոհվել է ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը: Ավելի ուշ նշվել էր, որ նրան մահացու հրազենային վնասվածք է հասցրել նրա ծառայակիցը:




























