Թերթը գրում է, որ հերթական ուշագրավ միջադեպն է գրանցվել է ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանի եւ Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովի միջեւ: «Բանն այն է, որ Գեւորգ Կոստանյանը այդպես էլ չի համակերպվում իր նոր պաշտոնի հետ, եւ նրան դեռեւս թվում է, թե ինքը Սերժ Սարգսյանի օգնականն է եւ աշխատում է նախագահականում, ըստ այդմ` կարող է հրամայական կամ մեղադրական տոնով ինչ-որ հարցեր բարձրացնել կամ քննադատել սրան-նրան վատ աշխատանքի համար:

Պաշտպանության նախարարությունում անցկացված վերջին աշխատանքային հանդիպման ժամանակ Կոստանյանը հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ են վերջին շրջանում բանակում շատացել սպայական անձնակազմի կողմից կատարվող ապօրինությունները: Ի պատասխան` Խաչատուրովն արձագանքել է. «Բայց էդ հարցը ինքդ քեզ տուր, ինչի՞ ես մեզ տալիս»: Ապա Խաչատուրովը հավաքվածներին հիշեցրել է, որ իրենք եկել են քննարկելու սպայակազմի մարտական պատրաստակամության հետ կապված հարցերը: «Так что, говори по сути». Գեւորգ Կոստանյանին նկատողություն է արել Յուրի Խաչատուրովը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: