Շաբաթ օրը դափնեկիրներին հանձնել են 2022 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը։ Արարողությունը, որին ներկա են եղել Նորվեգիայի թագավորական ընտանիքը եւ կառավարության անդամները, ավանդաբար տեղի է ունենում Օսլոյի քաղաքապետարանի շենքում եւ հեռարձակվում է Նոբելյան հիմնադրամի կայքում։

Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի դիմանկարով ոսկե մեդալը եւ դիպլոմը հանձնել է բելառուս իրավաբան եւ ակտիվիստ Ալես Բելյացկիին, որին ներկայացրել է նրա կինը՝ Նատալյա Պինչուկը, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ լուծարված ռուսական «Մեմորիալ» կենտրոնի (ճանաչվել է օտարերկրյա գործակալ) եւ Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնի ներկայացուցիչներ Յան Ռաչինսկուն ու Ալեքսանդրա Մատվիյչուկին։ Դափնեկիրները կոչմանն արժանացել են «իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար»։

Բերիտ Ռայս-Անդերսենը կարծում է, որ մրցանակը շնորհելով՝ կոմիտեն այդպիսով նշել է նրանց ներդրումը խաղաղությանն աջակցության գործում։ «Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն համոզված է, որ այս տարվա խաղաղության մրցանակի երեք դափնեկիրները անձնավորում են քաղաքացիական հասարակության կենսական կարեւոր դերը խաղաղության հասնելու եւ այն պահպանելու գործում,- ասել է նա,- Այսօր մենք հանդիպում ենք Օսլոյում եւ Ստոկհոլմում, որպեսզի պատվենք բոլոր Նոբելյան մրցանակները»։

«Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հպարտորեն պատվում է Ալես Բելյացկիին, «Մեմորիալ»-ին եւ Քաղաքացիական ազատությունների կենտրոնին՝ այս շատ տագնապալի ժամանակներում խաղաղության եւ մարդկային արժանապատվության գործում իրենց ավանդի համար»,- հավելել է Ռայս-Անդերսենը:

Քիմիկոս Ալֆրեդ Նոբելի վերջին կամքի համաձայն՝ խաղաղության մրցանակը, ի տարբերություն նրա անունը կրող այլ մրցանակների, շնորհվում եւ հանձնվում է ոչ թե Ստոկհոլմում, այլ Օսլոյում։ Իր կտակում գիտնականն ինքն է դա պնդել՝ նշելով նաեւ, որ մրցանակը շնորհելու մասին որոշումները պետք է կայացնի նորվեգական խորհրդարանի կողմից նշանակված հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը։ Դրանում ավանդաբար ներառվում են վաստակավոր քաղաքական գործիչներ եւ երկրի կուսակցությունների նախկին ղեկավարներ։