Անցյալ ամսվա ընտրություններում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ապշեցուցիչ վերադարձից հետո ԱՄՆ-ի ձախ եւ առաջադեմ խմբերը արշավ են սկսել՝ նրան դեմոնիզացնելու համար: Նեթանյահուի` կրոնական, պահպանողական եւ ծայրահեղ ազգայնական կուսակցությունների բարդ կոալիցիա ստեղծելու ջանքերի ֆոնին այս շաբաթ հարձակման է անցել ձախակողմյան ամերիկյան J Street կազմակերպությունը, հաղորդում է Fox News-ը:
Դեկտեմբերի 1-ին J Street-ը հայտարարություն է տեղադրել իր կայքում, որի համաձայն՝՝ «ԱՄՆ-ն պետք է գործի հենց հիմա՝ հակազդելու Իսրայելի ծայրահեղական պաշտոնյաներին եւ քաղաքականությանը»: J Street-ն իր կայքում իրեն անվանում է «իսրայելամետ» կազմակերպություն։
Associated Press-ի հրապարակման մեջ Բարեփոխական հուդայականության միության նախագահ ռաբբի Ռիկ Ջեյքոբսը ասել է, որ նոր կոալիցիան ներառում է «իսրայելական քաղաքականության ամենաարմատական ձայներից մի քանիսը»:
Ամերիկացի հրեա սյունակագիր եւ գրող Քերոլայն Գլիկը Fox News Digital-ին ասել է, որ J Street-ը «փորձում է ճգնաժամ հրահրել՝ ստեր տարածելով: Այն իսրայելամետ կազմակերպություն չէ եւ աջակցում է Իրանի ռեժիմին»:
Գլիկը, ով «Իսրայելական լուծում. Մերձավոր Արեւելքում խաղաղության մեկ պետական ծրագիր» գրքի հեղինակն է, նշել է, որ J Street-ը շատ ջերմ հարաբերություններ ունի Բայդենի վարչակազմի հետ, ինչը շփոթեցնող է։
Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը դեկտեմբերի 4-ին ելույթ է ունեցել J Street ազգային կոնֆերանսում:
«J Street-ի շարունակական ներգրավվածությունը... շարունակում է ազդել մեր մտածողության վրա»,- ասել է Բլինքենը՝ հավելելով, որ J Street-ը «հրաշալի կազմակերպություն է»:
J Street-ը եւ Բայդենի վարչակազմը պաշտպանում են Իրանի միջուկային համաձայնագիրը, որին կտրականապես դեմ է Իսրայելի կառավարությունը:
Նեթանյահուն կողմ է ճնշման բոլոր լծակներին, այդ թվում՝ ռազմական տարբերակին, կասեցնելու Իրանի՝ ատոմային ռումբ ստեղծելու մրցավազքը։
Գլիկն ասել է, որ ԱՄՆ-ում առաջադեմները ապատեղեկատվություն են հրահրում Նեթանյահուի դեմ, որը «գրեթե նույնական է այն քարոզարշավին, որ առաջադեմները վարում են ծնողների դեմ, ովքեր դեմ են դպրոցական խորհուրդների աշակերտների ուսուցմանը»: Նա ասաց, որ «արթնացած գաղափարախոսությունը», որը ներթափանցում է ԱՄՆ շատ դպրոցներ, «հակաամերիկյան է»։
Գլիկը պնդում է, որ Իսրայելի օրինականության վրա ամենօրյա հարձակումները հասկանալու նոր հայեցակարգային շրջանակը «դիվայնացում» է եւ «նոր թզենու տերեւ է հակաիսրայելական քաղաքականություն որդեգրելու համար, քանի որ խաղաղության գործընթացը մահացած է»:
Նա քննադատել է J Street-ն ու Վաշինգտոնում գործող արտաքին քաղաքականության երկու կառույցները, որոնք մեկնաբանություն են գրել Washington Post-ի համար՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ: «Նրանք ատում են Իսրայելը: Նրանք ցանկանում են վնասել իսրայելա-ամերիկյան հարաբերություններին։ Եվ դա խաթարում է Ամերիկայի հիմնական շահերը: Իսրայելը Միացյալ Նահանգների ամենահավատարիմ դաշնակիցն է», - ասել է Գլիկը:





























