Կոսովոյի հյուսիսում սերբ ցուցարարները երկրորդ օրն է փակում են գլխավոր ճանապարհները՝ ոստիկանության հետ գիշերային բախումներից հետո, որը հաջորդել է սերբ նախկին ոստիկանի ձերբակալությանը՝ իշխանությունների եւ Կոսովոյի սերբ փոքրամասնության միջեւ լարվածության աճի ֆոնին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

EULEX-ը՝ Եվրոպական միության առաքելությունը, որին հանձնարարված է հսկել հյուսիսային Կոսովոն, հայտնել է, որ շաբաթ գիշերը նռնակ է նետվել իր զրահափոխադրիչներից մեկի վրա, սակայն ոչ ոք չի տուժել:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ դաշինքը՝ առաքելության անդամների նկատմամբ բռնությունը չի հանդուրժի։

«ԵՄ-ն չի հանդուրժի հարձակումները EULEX Կոսովոյի վրա կամ բռնի, հանցավոր գործողությունների կիրառումը հյուսիսում: Կոսովոյի սերբերը պետք է անհապաղ հեռացնեն բարիկադները. Հանգստությունը պետք է վերականգնվի»,- գրել է նա Twitter-ում։

Վերջին բողոքի ակցիաները սկսվել են շաբաթ օրը՝ նախկին ոստիկանի ձերբակալությամբ:

Կիրակի օրը բեռնատարներն ու այլ ծանր տեխնիկան շարունակել են փակել Սերբիայի հետ սահմանային երկու անցակետ տանող մի քանի հիմնական ճանապարհներ: Երկու անցումներն էլ փակ են եղել երթեւեկության համար։

Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին ՆԱՏՕ-ի KFOR առաքելությանը խնդրել է հեռացնել բարիկադները. «Մենք KFOR-ին կոչ ենք անում երաշխավորել տեղաշարժի ազատությու... KFOR-ը խնդրում է ավելի շատ ժամանակ տրամադրել գործընթացն ավարտին հասցնելու համար... այնպես որ մենք սպասում ենք»:

Շաբաթ ուշ երեկոյան Կոսովոյի ոստիկանությունը հայտնել է, որ կրակի տակ են հայտնվել Սերբիայի սահմանին գտնվող լճի մոտ շրջանները: Ոստիկանությունը հայտնել է, որ իրենք ստիպված են եղել պատասխան կրակ բացել:

Հյուսիսային Կոսովոյի համայնքապետարանների սերբ քաղաքապետերը, տեղի դատավորների եւ մոտ 600 ոստիկանների հետ միասին, անցյալ ամիս հրաժարական են տվել՝ ի նշան բողոքի՝ Բելգրադի թողարկված ավտոմեքենաների համարանիշները Պրիշտինայի համարանիշներով փոխարինելու կառավարության որոշման դեմ:

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Instagram-ի իր էջում ասել է, որ «Կոսովոյի հանձնում չի լինի», սակայն հավելել է, որ Բելգրադը «կշարունակի պայքարել բոլոր օրինական միջոցներով խաղաղության հասնելու համար»։

Վուչիչն ասել է, որ Բելգրադը կխնդրի KFOR-ին թույլ տալ Սերբիայի զորքերն ու ոստիկանությունը տեղակայել Կոսովոյում, թեեւ խոստովանել է, որ թույլտվություն ստանալու հնարավորություն չկա:

«Մենք ձգտում ենք ոչ թե հակամարտության, այլ երկխոսության եւ խաղաղության։ Սակայն թույլ տվեք հստակ ասել. Կոսովոյի Հանրապետությունը կպաշտպանի իրեն՝ խստորեն եւ վճռականորեն»,- ասել է Կուրտին՝ ի պատասխան Վուչիչի մեկնաբանություններին։