Թուրքիայի իշխանությունները Աթենքի վրա հրթիռային հարձակմամբ են սպառնում Հունաստանին։ «Այժմ մենք սկսել ենք սեփական հրթիռներն արտադրել»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Իհարկե, սա վախեցնում է հույներին։ Երբ ասում ես «Թայֆուն» (հրթիռ), հույնը վախենում է ու ասում՝ «Նա Աթենքին կհարվածի»։ Դե, իհարկե, կհարվածի»,- նշել է նա։
«Թայֆունը» փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է, որը մշակվել է Թուրքիայում։ Հրթիռը, որը փորձարկվել է հոկտեմբերին Սեւ ծովի երկնքում, խոցել է թիրախը մոտ 560 կիլոմետր հեռավորության վրա, ինչը ավելի քան կրկնակի գերազանցում է Թուրքիայի զինանոցում առկա հրթիռների հեռահարությանը։
«Եթե դուք հանգիստ չմնաք, եթե փորձեք այստեղ-այնտեղ ինչ-որ բան [սպառազինություն] գնել, Թուրքիան հետ չի մնա։ Նա պետք է ինչ-որ բան անի»,- հավելել է Էրդողանը:
Վերջին ամիսներին Թուրքիան ուժեղացրել է իր հռետորաբանությունը Հունաստանի դեմ՝ Անկարայի մեղադրանքների ֆոնին, որ Աթենքը ռազմականացնում է Էգեյան ծովի հունական կղզիները, որոնք մոտ են Թուրքիայի ափին: Կրկնվող, վատ քողարկված սպառնալիքի ժամանակ Էրդողանն ասել է. «Մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր, երբ ժամանակը գա»:
Այս տարվա սկզբին Հունաստանը կոչ էր արել իր արեւմտյան դաշնակիցներին վերջ դնել Թուրքիայի հրահրիչ հռետորաբանությանը:





























