Եվրամիության արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են եւս 2 միլիարդ եվրո ներդնել հիմնադրամում, որն օգտագործվում է Ուկրաինային ռազմական աջակցության համար վճարելու նպատակով՝ այն բանից հետո, երբ այն զգալիորեն նվազել է շուրջ 10 ամսվա պատերազմի ընթացքում:
Լրացուցիչ համալրումը հնարավոր է տեղի ունենա ավելի ուշ փուլում, հայտնում է Reuters-ը։
«Այսօրվա որոշումը երաշխավորում է, որ մենք կունենանք ֆինանսավորում՝ մեր գործընկերների զինված ուժերին կոնկրետ ռազմական աջակցությունը շարունակելու համար»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը։
Բրյուսելում իրենց ամենամսյա հանդիպման ժամանակ նախարարները կփորձեն բանակցել նաեւ Ռուսաստանի եւ Իրանի դեմ հետագա պատժամիջոցների շուրջ։
Սակայն դեռ պարզ չէ, թե արգելափակում է արդյոք այս որոշումները Հունգարիան՝ Բուդապեշտի համար ԵՄ արգելափակված միջոցների շուրջ վեճի պատճառով։
«Սկզբունքորեն համաձայնություն կա, բայց սենյակում նաեւ մեծ փիղ կա,- լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը՝ նկատի ունենալով Բուդապեշտի կողմից վետոյի իրավունքի կիրառումը,- Դա շանտաժային դիվանագիտության այն տեսակն է, որը մենք կնախընտրեինք չտեսնել, բայց դա այն է, ինչ կա»:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա արտգործնախարարները պետք է մտածեն նոր պատժամիջոցների մասին։
«Մենք պատրաստվում ենք հաստատել պատժամիջոցների շատ կոշտ փաթեթ,- հանդիպումից առաջ ասել է Ժոզեպ Բորելը,- ԵՄ-ն «կձեռնարկի բոլոր հնարավոր գործողությունները՝ երիտասարդ կանանց եւ խաղաղ ցուցարարներին աջակցելու համար»։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը հայտարարել է, որ պատժամիջոցները կանդրադառնան, մասնավորապես, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի վրա։
Նախարարները կքննարկեն նաեւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը, որի համաձայն ԵՄ պատժամիջոցների ցուցակում կներառվեն եւս 200 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, սակայն Բորելն այսօր առավոտյան ընդգծել է, որ այս փուլում պայմանավորվածություն չկա այդ հարցի շուրջ։ Նա հույս է ունեցել, որ դա կարող է տեղի ունենալ ավելի ուշ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի:





























