Արեւմուտքը փորձել է կամուրջներ կառուցել Ռուսաստանի հետ սառը պատերազմի ավարտից հետո, սակայն վերջին տարիներին ձեռք բերված ցանկացած վստահություն փլուզվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմամբ, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«ՆԱՏՕ-ն տասնամյակներով ձգտել է ավելի լավ եւ ավելի կառուցողական հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ»,- պնդել է նա CNBC-ին տված հարցազրույցում: «Սառը պատերազմի ավարտից հետո մենք ստեղծեցինք այնպիսի ինստիտուտներ, ինչպիսին է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը, երբ ես Նորվեգիայի վարչապետ էի, հիշում եմ, որ նախագահ Պուտինը այցելում էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովներին… այնպես որ դա ուրիշ ժամանակ էր, երբ մենք աշխատում էինք հարաբերությունները բարելավելու համար: Ռուսաստանը հեռացավ այդ ամենից»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ վստահության այն մակարդակը, որը հաստատվել էր վերջին տասնամյակների ընթացքում արեւմտյան երկրների եւ Ռուսաստանի մերձեցման ժամանակ, ոչնչացվել է Ուկրաինա ներխուժելու Մոսկվայի որոշմամբ։ «Եթե անգամ ռազմական գործողությունները դադարեն, մենք չենք վերադառնա Ռուսաստանի հետ ինչ-որ նորմալ, բարեկամական հարաբերությունների։ Վստահությունը ոչնչացվել է»,- ասել է նա։ «Կարծում եմ՝ պատերազմը երկարաժամկետ ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա»։

Սթոլթենբերգը պնդել է, որ պատերազմը կարող է ավարտվել ցանկացած պահի, եթե Ռուսաստանը որոշի դադարեցնել մարտական գործողությունները։ «Նրանք [Ռուսաստանը] կարող են անել նույնը, ինչ եվրոպական շատ այլ երկրներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, նրանք կարող են ընտրել խաղաղությունը, ընտրել համագործակցությունը, վստահել իրենց հարեւաններին՝ միշտ այդքան ագրեսիվ եւ սպառնացող հարեւաններ լինելու փոխարեն, ինչպես դա արեց Ռուսաստանը Վրաստանի դեմ, Ուկրաինայի դեմ»։