Նոյեմբերի 19-ին Թուրքիան օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսում եւ արեւելքում գտնվող թիրախներին։ Ռազմական ինքնաթիռների, անօդաչու թռչող սարքերի եւ հրետանու միջոցով ռմբակոծությունների հետեւանքով սպանվել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ եւ ԴԱԻՇ-ի դեմ բազմակողմ կոալիցիայում Ամերիկայի գլխավոր գործընկերոջ՝ Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) անդամներ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել է, որ ավիահարվածները «միայն սկիզբն են», գրում է National Interest-ը։
Թուրքիայի ազգային հետախուզական գործակալության (MIT) եւ սիրիացի ջիհադականների միջեւ լավ փաստագրված համաձայնություն կա։ 2016 թվականից ավելի քան 100 երկրներից Թուրքիայի տարածքով Սիրիա է անցել մոտ 60 000 զինյալ։ MIT-ը նրանց տրամադրել է նյութատեխնիկական աջակցություն, միջոցներ եւ զենք, նույնիսկ բժշկական օգնություն է կազմակերպել թուրքական հիվանդանոցներում մարտի դաշտում վիրավորված ջիհադականների համար:
Ի տարբերություն Թուրքիայի երկերեսանիության, քրդերն Ամերիկայի անփոխարինելի դաշնակիցներն են։ ՍԴՈՒ-ն, որի հիմքում քրդերն են, սուր նիզակ է եղել ԴԱԻՇ-ի դեմ: Սիրիական դեմոկրատական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Մազլում Աբդին ասել է, որ ՍԴՈՒ 12 000 անդամ է սպանվել, իսկ 24 000-ը ծանր վիրավորվել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում՝ Ամերիկայի հրամանով։
Այժմ Թուրքիան հավելյալ զորքեր է քաշում դեպի սիրիական սահման՝ սպառնալով լայնածավալ անդրսահմանային գործողությամբ։ Թուրքիան ցանկանում է ոգեշնչել բանտից փախուստը, որպեսզի ԴԱԻՇ-ի անդամները կարողանան միանալ պայքարի այս փուլին:
Ալ Խոլում ԴԱԻՇ-ի ընտանիքների 55 000 անդամ կա։ ԴԱԻՇ-ի բնակչությունը բաղկացած է 25 000 իրաքցի փախստականներից, 20 000 սիրիացի ընտանիքներից եւ 8000 օտարերկրյա ընտանիքներից: Ճամբարում ապրում են ավելի քան 10 000 կոշտ զինյալներ՝ հիսուներկու երկրներից: Թուրքիան ձգտում է հասնել իր նպատակներին՝ ստեղծելով քաոս, որպեսզի այդ զինյալները կարողանան փախչել:
ՍԴՈՒ-ի անդամներն ընտանիքներ ունեն Թուրքիայի հետ սահմանամերձ սիրիական գյուղերում: Նրանք վախենում են իրենց կանանց ու երեխաների անվտանգության համար եւ պարտավորված են զգում պաշտպանել իրենց մերձավորներին:
Թուրքիայի ռազմական ուժերը կենտրոնանում են սահմանի մոտ՝ պատրաստ ներխուժելու։ Նրանք կհարձակվեն ՍԴՈՒ-ի վրա, եթե Միացյալ Նահանգները չկանգնեցնեն նրանց։
ՍԴՈՒ-ն ավելին է ակնկալում Բայդենի վարչակազմից։ Նախագահ Ջո Բայդենը պետք է հրապարակային հայտարարություն անի՝ մերկացնելով Թուրքիայի ռազմատենչությունը, իսկ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պետք է այցելի Անկարա՝ զգուշացնելու, որ ՍԴՈՒ-ի դեմ ագրեսիան թանկ կնստի:
Թուրքիան արդարացնում է իր ագրեսիան՝ պնդելով, որ ՍԴՈՒ-ն պատասխանատվություն է կրում նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի համար, որի հետեւանքով վեց մարդ զոհվեց եւ 81-ը վիրավորվեցին։ Այս պնդումները կեղծ լուրեր են, որոնք Էրդողանը օգտագործում է թուրքական ագրեսիան արդարացնելու համար։ ՍԴՈՒ-ն սգում է մարդկային կորուստը եւ կոչ է անում հետաքննություն անցկացնել:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է քրդերի հետ դավադրության մեջ՝ ահաբեկչությունը կազմակերպելու համար։ Այս անհեթեթ մեղադրանքը պետք է հետաքննվի։ ԱՄՆ-ին ներգրավելով՝ Սոյլուն դուռ է բացել Հետաքննությունների դաշնային բյուրոյի համար, որ միջադեպն ուսումնասիրեն։





























