Մոնղոլիայի մայրաքաղաքում, Կառավարության պալատի հրապարակում թաղիքե վրան են տեղադրել ցուցարարների համար, տեղեկացրել է տեղի ikon.mn պորտալը։
Ուլան Բատորի կենտրոնում ընթացող հանրահավաքը շարունակվում է տասներորդ օրը։ Նախօրեին մոտ 20 մարդ հայտարարել էր նստացույցի մասին եւ 20 աստիճան սառնամանիքին գիշերել էր հրապարակում։
«Նստացույց հայտարարածների եւ գիշերը բաց երկնքի տակ անցկացրածների համար հրապարակում թաղիքե վրան է տեղադրվել»,- գրել է պորտալը։ Կառավարության պալատի առջեւ մնացած մարդկանց ստույգ թիվը չի նշվում։
Քաղաքապետարանը ցուցարարներին թույլատրել է տեղադրել երկու վրան։
Բողոքի բազմահազարանոց ակցիան Ուլան Բատորում ընթանում է դեկտեմբերի 5-ից։ Դժգոհության առիթ են ծառայել տեղեկություններն ածխի հետ կապված խարդախությունների մասին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ հափշտակությունների գումարը տատանվում է 1,8-13 մլրդ դոլարի սահմաններում։ Այս գործով բերման է ենթարկվել ութ մարդ, նրանցից վեցը կալանավորվել է։
Բացի այդ, հանրապետության իշխանությունները Պեկինին խնդրել են միանալ հետաքննությանը, քանի որ Չինաստան մատակարարումները կազմում են մոնղոլական ամբողջ արտահանման մոտ 86 տոկոսը, եւ այդ ծավալի կեսից ավելին բաժին է ընկնում ածխին։





























