Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խաղաղության հասնելու մասին Վլադիմիր Զելենսկու հնչեցրած «երեք քայլերը» քայլեր են ռազմական գործողությունները շարունակելու համար:

«Դրանք երեք քայլ են ռազմական գործողությունների շարունակման ուղղությամբ։ Ուկրաինական կողմը պետք է հաշվի առնի այն իրողությունները, որոնք ստեղծվել են այս  ողջ ընթացքում։ Ըստ էության, սրանք իրողություններ են, որոնք տեղի են ունեցել այն  քաղաքականության պատճառով, որը Ուկրաինայի ղեկավարությունը եւ այսօրվա ուկրաինական ռեժիմը վարել են վերջին 15 կամ նույնիսկ 20 տարիների ընթացքում։ Իսկ այս իրողությունները խոսում են այն մասին, որ Ռուսաստանի Դաշնությունում ի հայտ են եկել նոր սուբյեկտներ, իսկ դրանք ի հայտ են եկել այդ տարածքներում հանրաքվեների արդյունքում։ Որեւէ առաջընթաց հնարավոր չէ՝ առանց այս նոր իրողությունները հաշվի առնելու»,-ասել է Պեսկովը;

Ավելի վաղ Զելենսկին G7-ի երկրների առաջնորդներին դիմելու ժամանակ հնչեցրել է «երեք քայլ», որոնք, ըստ նրա, կմոտեցնեն Ուկրաինայի տարածքում խաղաղությունը։  Նա, մասնավորապես, առաջարկել է շարունակել «սպառազինությունների մատակարարման հարցում ձեռք բերված համերաշխությունը եւ կատարել խաղաղության բանաձեւը», որն ավելի վաղ առաջարկել է Ուկրաինան։