Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր՝ դեկտեմբերի 13–ին, առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է պաշտպանի գրասենյակից, Քրիստիննե Գրիգորյանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։
Պաշտպանը նաեւ շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարեւոր ուղերձների եւ ընդհանրապես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում կատարած կարեւոր աշխատանքի համար։
Քրիստիննե Գրիգորյանն առիթն օգտագործել է Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացնելու ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետեւանքներն ու ռիսկերը եւ կարեւորել, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նման ազդակները։
Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմների շրջանակներում նման հարցերի զգայունացման հնարավորությունների մասին։




























