Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին քննադատել է Սաուդյան Արաբիա կատարած վերջին այցի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի դիրքորոշումը, գրում է Mehr-ը։

Չինաստանի փոխվարչապետ Հու Չունհուայի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է. «ՉԺՀ-ի նախագահի կողմից [Պարսից ծոցի] տարածաշրջան կատարած վերջին այցի ընթացքում որոշ դիրքորոշումներ առաջացրել են Իրանի ժողովրդի եւ կառավարության դժգոհությունը»:

Նրա խոսքով, Իրանը պահանջում է, որ Չինաստանը փոխհատուցի այդ դիրքորոշումը։

Նա ընդգծել է Իրան Չինաստանի պատվիրակության այցի կարեւորությունը երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացման համար, ինչպես նաեւ նշել է երկու երկրների պաշտոնյաների նախորդ հանդիպումներում ձեռք բերված կարեւոր պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ կողմերի ջանքերը։

Չինաստանի փոխվարչապետն իր հերթին փոխանցել է իր երկրի նախագահի ամենաջերմ ողջույնները եւ ընդգծել է Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու Չինաստանի վճռականությունը՝ որպես իր երկրի մշտական եւ անփոփոխ ռազմավարություն։ «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերություններն ամրապնդելու եւ խորացնելու Չինաստանի վճռականությունը կպահպանվի՝ անկախ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներից»,- ասել է Չունհուան։

«Չինաստանը միշտ հարգել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը եւ աջակցում է իր հիմնական շահերը պաշտպանելու Իրանի ջանքերին»,- ասել է նա։