ԵՄ ղեկավարները Բրյուսելի գագաթաժողովում կհանդիպեն Հարավարեւելյան Ասիայի գործընկերների հետ՝ ձգտելով ամրապնդել կապերը Ուկրաինայում պատերազմի եւ Չինաստանի մարտահրավերների համատեքստում, տեղեկացրել է AFP-ն։
Եվրոպան ձգտում է ավելացնել առեւտուրը Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) հետ, որոնց մեջ են աշխարհի ամենաարագ աճող տնտեսությունները։
«Եվրոպացիները պետք է վերականգնեն կապերն ԱՍԵԱՆ-ի հետ»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
ԵՄ-ն դիվանագիտական ջանքեր է գործադրում, որպեսզի մոբիլիզացնի գլոբալ ճակատն ընդդեմ Մոսկվայի, քանի որ պատերազմն Ուկրաինայում առաջ է բերել տնտեսական եւ քաղաքական ցնցում ամբողջ աշխարհում։ Բայց ԱՍԵԱՆ-ի տասը երկրների արձագանքը պատերազմին տարբեր է։ Սինգապուրը համաձայնել է Արեւմուտքի պատժամիջոցներին Ռուսաստանի դեմ, այն դեպքում, երբ Վիետնամը եւ Լաոսը, որոնք սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ, ավելի չեզոք են մնացել։ Նրանք Թաիլանդի հետ միասին ձեռնպահ են մնացել հոկտեմբերին ՄԱԿ-ում քվեարկությունից, որով դատապարտվում էր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի շրջանների անեքսիան։ Տարակարծությունը հանգեցրել է դաժան վեճերի գագաթաժողովի ամփոփիչ հռչակագրի հարցում, քանի որ ԵՄ-ը պնդել է Մոսկվային դատապարտելու ավելի կոշտ ձեւակերպումներ անել։
Մինչ Եվրոպան ավելի կոշտ ձեւակերպումների կոչ է անում, գագաթաժողովը կանգնել է եւս մեկ գլոբալ հսկայի խնդրի առջեւ։
Չինաստանի քաղաքականությունը Հարավչինական ծովում նրան տրամադրել է որոշ հարեւանների դեմ եւ մտավախություններ առաջացրել Եվրոպայում առեւտրային հոսքերի հետ կապված։ Բայց Չինաստանը ԱՍԵԱՆ-ի խոշոր առեւտրային գործընկերն է, եւ շատերը տարածաշրջանում զգուշանում են իրենց հսկա հարեւանից հեռավորություն պահպանելու հարցում։
ԵՄ-ն ձգտում է ներկայանալ որպես հուսալի գործընկեր Հարավարեւելյան Ասիայի դինամիկ զարգացող երկրների համար՝ Պեկինի եւ Վաշինգտոնի աճող մրցակցությունում։
ԵՄ-ն եւ ԱՍԵԱՆ-ը միմյանց համար մեծությամբ երրորդ առեւտրային գործընկերներն են, եւ Եվրոպան այս տարածաշրջանը դիտարկում է որպես հումքի կարեւոր աղբյուր՝ ցանկանալով ընդլայնել դրանց արագ զարգացող շուկաների հասանելիությունը։
ԵՄ երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել մատակարարումների կարեւոր շղթաները Չինաստանի սահմաններից դուրս, քանի որ պատերազմն Ուկրաինայում վեր է հանել Եվրոպայի խոցելիությունը։
ԵՄ-ն պատրաստվում է հայտարարել ներդրումների մասին, որոնք կարող են կազմել 10 մլրդ եվրո տարածաշրջանի համար՝ իր Global Gateway ռազմավարության շրջանակում, որն ստեղծվել է որպես Չինաստանի առատաձեռնության հակակշիռ։
ԱՍԵԱՆ-ը եւ ԵՄ-ն դադարեցրել են համատեղ առեւտրի գործարքի կնքման ջանքերը ավելի քան տասը տարի առաջ, եւ Բրյուսելը կենտրոնացել է նրա առանձին անդամների հետ գործարքներ կնքելու վրա։
Առայժմ կնքվել են գործարքներ Վիետնամի եւ Սինգապուրի հետ, բայց միությունը ձգտում է հասնել առաջընթացի Ինդոնեզիայի (ԱՍԵԱՆ-ի ամենամեծ տնտեսությունը) հետ հարաբերություններում եւ վերականգնել բանակցությունները Մալայզիայի, Ֆիլիպինների եւ Թաիլանդի հետ։
Հարցերից մեկը, որը կարող է մթագնել բանավեճերը, նոր օրենքն է Ինդոնեզիայում, որով նախատեսվում է քրեական պատասխանատվություն ամուսնությունից դուրս սեռական կապի համար, որն անհանգստացրել է օտարերկրյա զբոսաշրջիկներին։





























