Գերմանիայում պետական հեղաշրջում նախապատրաստողները ծրագրել էին սպանել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցին, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով հետաքննությանը մոտ աղբյուրներին։

Խուզարկությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են չբացահայտման հարյուրից ավելի համաձայնագրեր, որոնցում դավադիրները երդվում են պահպանել խմբի պլանների գաղտնիությունը: Դրանցում ներառվում են խորհրդարանի անդամների վրա հարձակումն ու ձերբակալությունը, ինչպես նաեւ կանցլերի սպանությունը: Պայմանավորվածության խախտումը, ինչպես նշված է համաձայնագրերում, պատժվում է մահով։

Բացի այդ, խուզարկությունների ընթացքում քննիչները հայտնաբերել են 40 միավոր հրազեն, ինչպես նաեւ առգրավել են հազարավոր փամփուշտներ այլ զենքերի համար, որոնք դեռեւս չեն հայտնաբերվել գաղտնի պահարաններում: Առայժմ ոստիկանությունը իշխանությունը տապալելու դավադրության գործով ձերբակալել է 23 կասկածյալի եւ հետախուզում է հայտարարել եւս 31-ի հանդեպ, ասվում է հոդվածում։