Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն առաջարկել է ընդլայնել իր տեղակալների ցուցակը, որոնք կարող են կատարել թագավորական պարտականությունները, եթե ինքը չկարողանա դա անել, հայտնում է BBC-ն։

Թագավորական տեղակալների թիվը եւս երկուսով ավելացնելու թույլտվության համար օրենսդրությունը փոփոխելու խնդրանքով Լորդերի պալատին ուղղված իր դիմումում Չարլզ III-ը կոչ է արել ցուցակում ընդգրկել իր քրոջն ու կրտսեր եղբորը՝ արքայադուստր Աննային եւ արքայազն Էդվարդին։

Միապետի կոչի համաձայն՝ երկու լրացուցիչ տեղակալները «կապահովեն արդյունավետ աշխատանքի անընդհատությունը», երբ ինքն անհասանելի լինի, օրինակ՝ արտասահմանյան ուղեւորության ժամանակ։

Արքայադուստր Աննային եւ արքայազն Էդվարդին իրենց համապատասխան պարտականությունները տալու համար օրենսդիրները պետք է փոխեն Ռեգենտի օրենքը, որի համաձայն թագավորական տեղակալները կարող են լինել միապետի ամուսինը կամ կինը եւ թագավորական ընտանիքի առաջին չորս ներկայացուցիչները իրավահաջորդության շարքից, որոնց 21 տարեկանը լրացել է։

Այժմ թագավորական տեղակալներն են թագուհի-կոնսորթ Քամիլան, ինչպես նաեւ արքայազն Ուիլյամը, արքայազն Հարրին, արքայազն Էնդրյուն եւ արքայադուստր Բեատրիսը: Սակայն նրանցից երկուսը ներկայումս չեն կատարում թագավորական պարտականությունները. արքայազն Հարրին հրաժարվել է դրանցից, իսկ արքայազն Էնդրյուն հեռացվել է: