Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել եւ որեւէ ավագանու անդամի համաձայնություն կամ լիազորություն չի տվել նիստերին մասնակցելու կամ դաշինքի ու ղեկավարի անունից` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, հորդորներ տարածելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որը մեկ տարի է՝ կալանավորված է։

Նա, մասնավորապես, գրել է․

«Դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Վանաձոր համայնքի ավագանու նիստ, որի ընթացքում հնչել են հայտարարություններ, որոնք չունեն որեւէ հիմք եւ իրականության հետ որեւէ աղերս։ Մամիկոն Ասլանյանը ավագանու նիստերի վերաբերյալ իր դիրքորոշումը չի փոխել եւ որեւէ ավագանու անդամի համաձայնություն կամ լիազորություն չի տվել նիստերին մասնակցելու կամ դաշինքի ու ղեկավարի անունից` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ, հորդորներ տարածելու։ Ավագանու առանձին անդամների գործողությունները կրում են զուտ անհատական բնույթ, եւ յուրաքանչյուրն առաջնորդվում է իր խղճով ու բարոյականությամբ, գուցե նաեւ այլ շահագրգռությամբ։ Նիստեր գումարելու եւ դրանց մասնակցության միակ նախապայմանը եղել է օրինականության վերականգնումը, որը խաթարվել է շուրջ մեկ տարի առաջ եւ ինչի մասին բազմիցս հայտարարվել է։ Մենք հավատարիմ ենք վանաձորցու տված քվեին եւ երբեք ժողովրդի թիկունքում անտրամաբանական որոշումներ չենք կայացնում։ Ի դեպ, դեկտեմբերի 15-ին լրանում է Մամիկոն Ասլանյանի ապօրինի կալանավորման մեկ տարին»։

Հիշեցնենք՝ Վանաձոր խոշորացված համայնքի ավագանին դեկտեմբերի 14–ին, արտահերթ նիստ էր գումարել եւ օրակարգում եղած 32 հարցերից 26-ն ընդունել, այդ թվում՝ 2023 թվականի բյուջեի նախագիծը։

Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ նիստին ներկայացել են ավագանու 5 խմբակցություններից 3–ը՝ Արկադի Փելեշյանի գլխավորած «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը», «Ապրելու երկիր» եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունները, իսկ առավել շատ մանդատ ունեցող «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունից նիստին մասնակցել են միայն երկուսը՝ Սեյրան Ղամբարյանը եւ Գայանե Քալանթարյանը։ «Հայրենիք» խմբակցության անդամները չէին ներկայացել նիստին։

Աստղիկ Ավետիքյանի խոսքով՝ Սեյրան Ղամբարյանը հայտարարել է, որ ավագանու արտահերթ նիստին մասնակցելու որոշումը համաձայնեցված է Մամիկոն Ասլանյանի հետ։ Սեյրան Ղամբարյանը եւ Գայանե Քալանթարյանը նույնպես կողմ էին քվեարկել հաջորդ տարվա բյուջեի նախագծին։

Սեյրան Ղամբարյանն ավագանու նիստին հայտարարել էր, թե ինքը կալանավայրում հանդիպել է Մամիկոն Ասլանյանի հետ, ու նրա հանձնարարությամբ ներկայացել ավագանու նիստին։

«Ինքը ինձ հանձնարարել է, որ եթե մեր ներկայությամբ նիստ է կայանում, ուրեմն մեր մասնակցությունը պարտադիր է»,- ասել էր Սեյրան Ղամբարյանը։

Գայանե Քալանթարյանն էլ նշել էր, որ ավագանու նիստին մասնակցելու որոշումը դժվար է կայացրել, բայց համոզված է, որ իր մասնակցությունը նպաստելու է համայնքի խնդիրների լուծմանը։

Ավելի ուշ «Հայրենիք» խմբակցություն ղեկավար Վահե Դոխոյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ  խիստ մտահոգիչ է «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցության ներկայացուցիչներ Սեյրան Ղամբարյանի եւ Գայանե Քալանթարյանի մասնակցությունը ավագանու նիստին։

Հիշեցնենք՝ 2021 թվականի դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ընտրություններից հետո Վանաձորում հետընտրական ճգնաժամ էր առաջացել, խոշորացված համայնքի աշխատանքը պարալիզացված էր, որովհետեւ ընտրություններից հետո Վանաձորում համայնքապետ չի ընտրվել, ընտրություններից միայն 7 ամիս անց վարչապետի որոշմամբ, համայնքապետի պաշտոնակատար է նշանակվել Արկադի Փելեշյանը, սակայն  անգամ նրա նշանակումից հետո Վանաձորում ճգնաժամը չի լուծվել։ Ավագանու նիստեր չէին կայանում։ Արկադի Փելեշյանի նշանակումից ամիսներ անց միայն այսօր հաջողվեց արտահերթ նիստ անցկացնել, քվորումն ապահովել են «Մամիկոն Ասլանյան» խմբակցության երկու անդամները՝ Սեյրան Ղամբարյանը եւ Գայանե Քալանթարյանը։

Հիշեցնենք՝ 2021 թ․ դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու առաջին նիստը, ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։ Մամիկոն Ասլանյանյանը մեկ տարի է՝ անազատության մեջ է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ։ Մամիկոն Ասլանյանի գործը դատաքաննության փուլում է, Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Ըստ նրա՝ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։ Հիշեցնենք, որ ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած ԼՀԿ–ն ցանկանում է պաշտպանել ավագանիում մանդատներ ունենալու իր իրավունքը։