Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատավարությունը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Եգիպտական դատարանը սեպտեմբերի 7-ին վերսկսել էր նրա նկատմամբ հարուցված գործի քննությունը:
Մուբարաքին, ով մեղադրվում է հակակառավարական հուզումների մասնակիցներին գնդակահարելու մեջ, Կահիրեի դատարան են բերել պատգարակով:
Սեպտեմբերի 5-ին դատարանում որպես վկա հարցաքննվել է ոստիկանության հատուկ ստորաբաժանման պետ, գեներալ Հուսեյն Մուսսան: Նա հայտարարել է, որ ոստիկանությունը այս տարվա փետրվարից ցուցարարներին ցրելու ժամանակ զենք է կիրառել միայն ինքնապաշտպանության նպատակներով եւ ռազմական փամփուշտեր կիրառելու հրաման չի ստացել:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, սեպտեմբերի 5-ին դադարեցվել էին լսումները Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գործով: Նախկին նախագահի պաշտպանի եւ հանրության շահերը ներկայացնող փաստաբանի ծեծկռտուքը դադարեցրել է դատաքննությունը:
Դատապարտյալի աթոռին են նաեւ Մուբարաքի երկու որդիները՝ Գամալը եւ Ալաան, ՆԳ նախկին նախարար Հաբիբ ալ-Ադիլը եւ ոստիկանության 6 բարձրաստիճան նախկին աշխատակիցներ:
Մուբարաքը մեղադրվում է հակակառավարական ցույցերի մասնակիցների զանգվածային սպանություններին մասնակից լինելու, ինչպես նաեւ՝ կոռուպցիայի մեջ։ Մեղադրական դատավճռի կայացման դեպքում Մուբարաքին մահապատիժ է սպառնում։
Նա իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները հերքում է։
Մուբարաքի որդիները մեղադրվում են կոռուպցիայի մեջ, նրանք եւս հերքում են իրենց մեղքը։




























