Դրոնները որոշիչ ազդեցություն ունեն գրեթե յուրաքանչյուր հարձակողական կամ պաշտպանական գործողության վրա, որոնց մասնակցում է ՑԱԽԱԼ-ը (Իսրայելի պաշտպանության բանակ): Այս մասին հայտարարել է հրետանու հրամանատար, բրիգադային գեներալ Ների Հորովիցը, գրում է Jpost-ը։

«Գրեթե յուրաքանչյուր օպերատիվ իրադարձությանը, լինի դա հարձակողական, թե պաշտպանական, դրոն է մասնակցում»,- ասել է Հորովիցը:

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի հսկայական հաջողության եւ ազդեցության շնորհիվ ավելացվել են անօդաչուների նոր եւ լրացուցիչ կատեգորիաներ՝ ռազմական կարիքներից հետ չմնալու համար:

Պալմահիմ բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Օմրի Դորն ասել է, թե գոհ է, որ վերջերս Իսրայելին եւ ՑԱԽԱԼ-ին վերջապես թույլ են տվել բարձրաձայնել անօդաչու թռչող սարքերի կիրառման մասին այն բանից հետո, երբ տարիներ շարունակ պահել են լավ հայտնի «գաղտնիքը»:

Ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Թոմեր Բարն ասել է, որ անօդաչու թռչող սարքերը կարեւոր դեր են խաղացել վերջին շաբաթների ընթացքում Հորդանան գետի Արեւմտյան ափին ահաբեկիչներին հետապնդելու եւ բռնելու գործում՝ փորձելով վերահսկել ահաբեկչության ալիքները, որոնք Իսրայելը պարբերաբար ապրում է այս տարվա մարտից:

Բացի այդ, Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ իրականացված բոլոր գործողությունները զգալի չափով կախված են եղել անօդաչու թռչող սարքերից՝ հետախուզական տվյալներ հավաքելու համար, որպեսզի ճշգրիտ թիրախավորեն ՀԱՄԱՍ-ի անձնակազմին՝ միաժամանակ խուսափելով խաղաղ բնակիչներին կողմնակի վնասներ հասցնելուց, եւ, ըստ էության, պահպանեն հարձակումների տեմպերը, որոնք ՀԱՄԱՍ-ին հետ կպահեն մարտական հետագա գործողություններից: