Ընդդիմադիր «Միասնական ազգային շարժման» երեք պատգամավորներ խորհրդարանում հացադուլ են հայտարարել քանի դեռ որոշում չի կայացվել նրան արտասահման բուժման տեղափոխելու մասին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։
Այդ պատգամավորներն են՝ Դավիթ Կիրկիտաձեն, Անա Ցիտլիձեն եւ Աբդուլա Իսմայիլովը։ «Մենք չենք կարող անտարբեր նայել կառավարության հրապարակած կադրերին։ Մենք տեսանք, թե ինչ սարսափելի վիճակում է երկրի երրորդ նախագահը եւ իրականում ինչ է անում նրա հետ Վրաստանի կառավարությունը»,-ասել է Կիրկիտաձեն։
Նա նշել է, որ խմբակցությունում տարաձայնություններ են եղել հետագա գործողությունների վերաբերյալ, եւ հացադուլի որոշում առայժմ ընդունել է միայն երեք պատգամավոր:
«Եղել են տարաձայնություններ, բայց մենք որոշում ենք կայացրել։ Մենք վստահ ենք, որ բողոքը կուժեղանա ինչպես խորհրդարանի ներսում, այնպես էլ դրսում»,-ասել է Կիրկիտաձեն։
Վրաստանի իշխանությունները չեն ընդունում Սաակաշվիլու ծանր վիճակը ձերբակալությունից մեկ տարի եւ երկու ամիս անց։ Իշխող կուսակցության եւ կառավարության ներկայացուցիչները պնդում են, որ նախկին նախագահը ձեւացնում է եւ ինքնավնասմամբ է զբաղվում, որպեսզի ազատ արձակվի։
Համացանցում հրապարակված կադրերում Սաակաշվիլու աջակիցները նկատել են, որ նա անբնական նիհարել է, դժվար է տեղաշարժվում եւ չի կարողանում կառավարել իրեն։ Առանց ձայնի տեսանյութում երեւում է, թե ինչպես է կիսամերկ Սաակաշվիլին անկողնում պառկած վիճում բուժանձնակազմի հետ։ Կան նաեւ կադրեր, որտեղ նա քայլում է հիվանդասենյակում, ուտում եւ խմում՝ մենակ մնալով հիվանդասենյակում։
Սաակաշվիլու փաստաբանը հայտարարել է, որ կադրերի տարածումն առանց բանտարկյալի համաձայնության քրեական հանցագործություն է, քանի որ դրանք պատկանում են անձնական տվյալների կատեգորիային:
«Էմպատիա» կենտրոնի անկախ փորձաքննության տվյալներով՝ Սաակաշվիլու օրգանիզմում հայտնաբերվել է բարիումի, վիսմութի եւ սնդիկի բարձր պարունակություն։ Ձերբակալությունից հետո Սաակաշվիլին նիհարել է ավելի քան 40 կիլոգրամով։
Փաստաբանների միջնորդությամբ դատարանը պետք է քննարկի պատիժը հետաձգելու եւ առողջական վիճակի պատճառով նրան ազատ արձակելու հարցը։ Գործընթացն արդեն երկու անգամ հետաձգվել է եւ հերթական անգամ նշանակվել դեկտեմբերի 14-ին։





























