Եվրոպան պետք է շտապ արձագանքի ԱՄՆ գնաճի իջեցման մասին օրենքին, որպեսզի ապահովի իր ճյուղի ապագան։ Այս մասին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնը՝ ողջունելով Եվրահանձնաժողովի հանձնարարությունը՝ մշակել համապատասխան պլան հաջորդ տարվա սկզբին, տեղեկացրել է Reuters-ը։
«Երբ կան երկու գերտերություններ, որոնք զանգվածաբար սուբսիդավորում են որոշ ճյուղեր, դուք կարող եք ոչինչ չանել, հարգել կանոնները եւ դոկտրինի (ազատ շուկայի) մաքրությունը... բայց ի վերջո (Եվրոպայում) ոչ մի հատուկ բան չի մնա»,- ասել է Մակրոնը։
Նրա խոսքով՝ Եվրոպայի պատասխանն ազգային գործիքների միջոցով պետք է կազմի ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսը։
«Մենք դրան կհասնենք ոչ ի հաշիվ մեր շուկան ավելի շատ բացելու»,- ասել է նա՝ ի պատասխան Միացյալ Նահանգների հետ հնարավոր առեւտրային գործարքի մասին հարցի։
Գնաճի իջեցման մասին ԱՄՆ օրենքը, որը խրախուսում է ամերիկյան արտադրության կլիմայական տեխնոլոգիաներն ի հաշիվ սուբսիդիաների, ԵՄ կարծիքով, անարդարացիորեն խտրական է եվրոպական ընկերությունների հանդեպ։
Գնաճի իջեցման մասին օրենքով նախատեսված սուբսիդիաները, որն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսն օգոստոսին, հատկապես անցանկալի են ԵՄ-ի համար։ Օրինակ, էլեկտրամեքենաներ գնողներն իրավունք ունեն 7 500 դոլար հարկ չվճարել, եթե ավտոմեքենան աշխատում է Հյուսիսային Ամերիկայում արտադրված մարտկոցով, այն օգտակար հանածոներից, որոնք արդյունահանվել կամ վերամշակվել են Հյուսիսային Ամերիկայում։
Եվրոպայում զգուշանում են, որ օրենքը կարող է հանգեցնել ներդրումների կտրուկ կրճատման եւ ընկերությունների հեռանալուն Եվրոպայից։





























