Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է պաշտոնն ստանձնելուց հետո լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ՝ հայտարարելով, որ դա կնպաստի նաեւ պաղեստինցիների հետ խաղաղության հաստատմանը։
Նեթանյահուն նաեւ ասել է, որ պատրաստ է վերսկսել անդրկուլիսյան խաղաղ բանակցությունները պաղեստինցիների հետ։
«Ալ Արաբիա» գործակալությանը տված հազվադեպ հարցազրույցի մեկնաբանություններն, ըստ երեւույթին, ուղղված էին այն բանին, որպեսզի թուլացնեն մտավախությունները Նեթանյահուի կողմից ձեւավորվող կառավարության ծայրահեղ աջ կազմի հետ կապված։
Նա արդեն մի շարք կոալիցիոն համաձայնագրեր է կնքել կոշտ գծի կողմնակիցների հետ, որոնք կողմ են պաղեստինցիների դեմ ավելի կոշտ միջոցներին, օկուպացված Արեւմտյան ափին ավանների կառուցմանը, եւ կատաղի մերժում են անկախ Պաղեստինի պետության գաղափարը։
Նեթանյահուն հեռուստաալիքին ասել է, որ ընդհանուր քաղաքականություն է սահմանելու։ «Ես կառավարելու եմ, եւ ես ղեկավարելու եմ»,- ասել է նա։ «Մյուս կողմերն են միանում ինձ։ Ես չեմ միանում նրանց»։
Նրա խոսքով՝ ինքը հույս ունի ընդլայնել 2020թ. «Աբրահամյան համաձայնագրերը» արաբական չորս երկրների հետ՝ Սաուդյան Արաբիայի հետ նման համաձայնագիր կնքելով։ «Դա կլինի որակական թռիչք Իսրայելի եւ արաբական աշխարհի միջեւ խաղաղության ճանապարհին»,- ասել է նա։ «Դա կփոխի մեր տարածաշրջանն աներեւակայելի ձեւով։ Եվ ես կարծում եմ, որ վերջին հաշվով դա կնպաստի պաղեստինա-իսրայելական խաղաղությանը։ Ես դրան հավատում եմ։ Ես մտադիր եմ հասնել դրան»։
«Իհարկե, դրան մասնակցելու նրանց ձգտումը կախված է Սաուդյան Արաբիայի ղեկավարությունից,- ասել է նա։- Ես հույս ունեմ, որ նրանք կցանկանան»։
Իսրայելն արդեն վաղուց անդրկուլիսյան շփումներ ունի Սաուդյան Արաբիայի հետ՝ պայմանավորված Իրանի դեմ ընդհանուր անբարեհաճությամբ։ Բայց սաուդցիները հայտարարել են, որ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն միայն այն բանից հետո, երբ անկախ Պաղեստինի պետություն ստեղծվի 1967թ. մերձավորարեւելյան պատերազմի ժամանակ Իսրայելի օկուպացրած տարածքում։
Նեթանյահուն ասել է, որ պաղեստինցիների հետ խաղաղության կձգտի զգույշ բանակցությունների միջոցով։ Բայց հրաժարվել է երկու պետությունների ստեղծմանն աջակցելուց՝ կոչ անելով դրա փոխարեն «թարմ մոտեցում» եւ ստեղծագործական մտածողություն ցուցաբերել։
Նեթանյահուն ներկայացրել է խաղաղության իր տեսլականը, բայց պարզ հասկացրել է, որ այն չի համապատասխանում պաղեստինցիների պահանջներին։ «Ես կասեի, որ վերջնական կարգավորման դեպքում պաղեստինցիները պետք է ունենան ինքնուրույն կառավարման բոլոր լիազորությունները, բայց ոչ Իսրայել պետության գոյությանն սպառնալու լիազորություն»,- ասել է նա։
Նեթանյահուն եւ ծայրահեղ աջերի ու ուլտրաօրթոդոքս կրոնական կուսակցությունների խումբը մեծամասնություն են ստացել Իսրայելի խորհրդարանում նոյեմբերի 1-ի ընտրություններում, ինչը նրանց նոր կառավարություն ձեւավորելու հնարավորություն է տվել։
Նեթանյահուն հասել է մի շարք կոալիցիոն համաձայնությունների, բայց մինչ այժմ համաձայնագիր չի կնքել։ Նա կառավարություն ձեւավորելու համար մինչեւ դեկտեմբերի 21-ը ժամանակ ունի։





























