Միջմայրցամաքային բորսան (ICE) նախազգուշացրել է, որ կդիտարկի գազի առեւտրի իր կենտրոնը Եվրամիության սահմաններից դուրս հանելու հարցը, եթե  Բրյուսելը համաձայնի գազ գների սահմանափակման պլանին։

ԵՄ էներգետիկայի նախարարները հանդիպելու են երկուշաբթի, որպեսզի փորձեն հավանություն տալ գազի գների շեմին՝ երկրների միջեւ մի քանի ամիս տեւած վեճերից հետո։ Նրանց կարծիքները չեն համընկնում այն հարցում, թե արդյոք այդ միջոցը կօգնի էներգակիրների գների եւ գնաճի կտրուկ ավելացումը զսպելու իրենց ջանքերին։

«Եթե համաձայնեցվի, շուկայի շտկման մեխանիզմը կդրվի հաճախորդների եւ շուկայական ենթակառուցվածքի վրա՝ առանց ռիսկերի կառավարման կայուն թեստավորման ժամանակի»,- նշվել է ICE-ի հայտարարությունում, որը մեջբերել է Reuters-ը։

Եվրահանձնաժողովը գազի գների սահմանափակումն անվանել է «շուկայի շտկման մեխանիզմ»։

«ICE-ը՝ որպես շուկայի օպերատոր, պատասխանատվություն է կրում բոլոր տարբերակների դիտարկման համար, եթե այդ մեխանիզմը համաձայնեցվի, ընդհուպ մինչեւ այն, թե արդյոք Նիդեռլանդների արդյունավետ շուկան նախկինի պես կենսունակ կլինի»,- հայտարարել են ICE –ում։

TTF-ն Եվրոպայում գազի ֆյուչերսների ամենալիկվիդային շուկան է, որը մատակարարների, մեծածախ առեւտրականների եւ սպեկուլյանտների լայն շրջանակ է ներգրավում։

Gasunie գազային ցանցի հոլանդական օպերատորը, որը ստեղծել է TTF-ն 2003թ., հայտարարել է, որ TTF առեւտրային պլատֆորմն օգուտ կբերի նաեւ Եվրոպա գազի մատակարարումներին, քանի որ առեւտրային գործունեությունը գազ է ներգրավում՝ բարձրացնելով Նիդեռլանդներ մատակարարումների կայունությունը։

Եվրոպական հանձնաժողովն անցած ամիս առաջարկել է սահմանափակում, որն ուժի մեջ կմտնի, եթե ամսվա սկզբին գինը TTF-ում գերազանցի մեկ մեգավատ/ժամը 275 եվրոն երկու շաբաթվա ընթացքում եւ 58 եվրոյով ավելին կլինի հեղուկացված բնական գազի բազային գնից 10 օրվա ընթացքում։

Երկուշաբթի ԵՄ երկրների հավանության դեպքում սահմանափակման մասին օրենքը հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ։ ԵՄ երկրները բանակցություններ են վարում այս առաջարկի վերաբերյալ, որոշ երկրներ պնդում են, որ շեմն ավելի ցածր լինի՝ մեկ մեգավատ/ժամը 200 եվրոյի մակարդակի կամ ավելի ցածր։

Անցած շաբաթ ICE-ը նախազգուշացրել էր ԵՀ-ին, որ գազի գնի սահմանափակման նրա առաջարկն իրականում կարող է հանգեցնել գների աճի, եթե շուկայական լիկվիդայնության մատակարարներին դրդի գնել կարճաժամկետ դիրքեր եւ դադարեցնի TTF գազի ֆյուչերսների վաճառքը։