Սերբիան պաշտոնապես պահանջել է, որ իր անվտանգության ուժերը վերադառնան Կոսովո՝ չնայած Արեւմուտքի նախազգուշացումներին, որ նման կոչերը, քիչ հավանական է, որ կընդունվեն, հաղորդում է AP-ը։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը RTS պետական հեռուստատեսությանը հայտնել է, որ կառավարությունը խնդրել է 1999 թվականից Կոսովոյում տեղակայված ՆԱՏՕ-ի գլխավորությամբ խաղաղապահների հրամանատարին թույլատրել բանակի եւ ոստիկանության 1000 սերբ սպաների վերադարձը:

Սերբ պաշտոնյաները պնդում են, որ ՄԱԿ-ի բանաձեւը, որը պաշտոնապես վերջ է դրել Կոսովոյի պատերազմին, թույլ է տալիս սերբական զորքերին վերադառնալ Կոսովո։

Նրանց խոսքով՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ղեկավարած խաղաղապահ առաքելություններն ի վիճակի չեն պաշտպանել Կոսովոյի սերբական փոքրամասնությանը Կոսովոյի ալբանացիների կողմից հետապնդումներից, եւ նրանց անվտանգության ուժերը կարող են հաղթահարել այդ խնդիրը:

Սերբական զորքերի վերադարձը դժվար թե թույլատրվի։ Գերմանիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաները կտրականապես մերժում են սերբական անվտանգության ուժերը տարածաշրջան վերադարձնելու ցանկացած գաղափար։

Անցյալ շաբաթ կրկին սրվել է լարվածությունը Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ այն բանից հետո, երբ սերբերը բարիկադներ են կառուցել երկրի հյուսիսում գտնվող հիմնական ճանապարհներին՝ ի նշան սերբ նախկին ոստիկանի ձերբակալության դեմ բողոքի: Սերբիան բարձրացրել է իր զորքերի մարտական պատրաստվածությունը Կոսովոյի հետ սահմանին եւ զգուշացրել է, որ մի կողմի չի քաշվի, եթե Կոսովոյի սերբերը հարձակման ենթարկվեն։

Միեւնույն ժամանակ, Կոսովոյի վարչապետը հինգշաբթի պաշտոնապես հայտ է ներկայացրել Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար: