ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպման ժամանակ՝ հայտարարելով, որ մտադիր է այցելել իրենց մայրցամաք, բայց կարող է ագահորեն «ուտել նրանց ուտելիքը», գրում է NYP-ը։
80-ամյա նախագահը հայտարարել է, որ ինքն այն «աղքատ ազգականն է», որը չարաշահում է հյուրընկալությունը, բայց ծանր հառաչանք է առաջացրել ներկաների մոտ՝ Աֆրիկայում պարենային անվտանգության բացակայության պատճառով:
«Ես շնորհակալ եմ, որ դուք բոլորդ եկել եք Վաշինգտոն այս գագաթաժողովին, եւ ես իսկապես ցանկանում եմ այցելել ձեր մայրցամաք»,-ասել է Բայդենը Աֆրիկյան 50 երկրների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
«Դուք ինձ հրավիրել եք ձեր երկրներ։ Ես ասում եմ՝ «Զգույշ եղեք ձեր ցանկությունների հետ, քանի որ ես կարող եմ գալ, աղքատ ազգականները միշտ գալիս են, հարուստները՝ երբեք։ Գալիս են աղքատները, ուտում ձեր ուտելիքն ու սպասվածից երկար մնում»,-ասել է նա։
Նախագահը, որն իրեն անվանում է «միջին խավի Ջո», հաճախ կատակում է աղքատ ազգական լինելու մասին, չնայած այն հանգամանքին, որ նա եւ առաջին տիկին Ջիլ Բայդենը 2017 եւ 2018 թվականներին անսպասելի եկամուտ են ստացել՝ 15,6 միլիոն դոլար։
Բայդենը նախկինում ուներ շատ ավելի համեստ կարողություն՝ չնայած նրա ընտանիքի անդամները հսկայական աշխատավարձեր էին ստանում նրա հետ կապի շնորհիվ, այդ թվում՝ նրա որդի Հանթերը, որը տարեկան վաստակում էր մինչեւ 1 միլիոն դոլար՝ աշխատելով ուկրաինական գազային Burisma ընկերության տնօրենների խորհրդում, մինչդեռ նրա հայրը ղեկավարում էր Օբամայի վարչակազմի քաղաքականությունը Ուկրաինայի նկատմամբ:
Իր կատակից մի քանի ժամ անց Բայդենը կրկին դիմել է գագաթաժողովի մասնակիցներին՝ այս անգամ մանրամասնելով ԱՄՆ-ի ջանքերը՝ օգնելու Աֆրիկայի աղքատ երկրներին սննդամթերքի գների բարձրացման հետ կապված:
«Մենք բախվել ենք համաշխարհային պարենային ճգնաժամի հետ, եւ ոչ մի տեղ այն այնքան սուր չի զգացվում, որքան աֆրիկյան մայրցամաքում։ Անցյալ տարի Աֆրիկայում գրեթե 120 միլիոն մարդ բախվել է սննդի խիստ պակասի, եւ միայն 2022 թվականի կեսերին, երբ երաշտը բռնկվեց եւ սննդամթերքի գները կտրուկ բարձրացան, այդ թիվը հասավ 140 միլիոնի»,-ասել է Բայդենը։
Բայդենը հավելել է, որ Աֆրիկան «հսկայական ներուժ» ունի՝ օգտագործելու իր չօգտագործված վարելահողերը, կերակրելու իր բնակչությանը։ Նա ասել է, որ ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը կնպաստի այդ ջանքերին:





























