Առաջին թուրք լրագրողը ձերբակալվել է «ապատեղեկատվության» մասին օրենքով։ Այս մասին ասել է նրա փաստաբանը։ Քննադատների կարծիքով՝ սա սպառնալիք է խոսքի ազատությանը, գրում է The Guardian-ը:

Ձերբակալությունը տեղի է ունեցել երկու ամիս անց այն բանից հետո, երբ խորհրդարանն ընդունել է օրենք, որը, նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխող կուսակցության խոսքով, կպաշտպանի հասարակությանը: Քննադատներն ասում են, որ իշխանությունները կարող են չարաշահել օրենքը՝ այլակարծությունը ճնշելու համար:

Քրդաբնակ Բիթլիս նահանգի լրագրող Սինան Այգյուլը ձերբակալվել է այն բանից հետո, երբ Twitter-ում գրել է, որ 14-ամյա աղջիկը սեռական բռնության է ենթարկվել տղամարդկանց, այդ թվում ՝ ոստիկանների ու զինվորների կողմից։ Ավելի ուշ նա հրաժարվել է պատմությունից։

Մի շարք թվիթերյան գրառումներում Այգուլը հայտնել է, որ տեղի նահանգապետն իրեն ասել է, որ այս պատմությունը չի համապատասխանում իրականությանը այն բանից հետո, երբ նա հրապարակել է ենթադրյալ միջադեպի մասին տեղեկատվությունը: Նա ներողություն է խնդրել պատմությունն առանց իշխանությունների հաստատման հրապարակելու համար։

Նրա փաստաբանը հայտարարել է, որ ձերբակալությունն անօրինական է եղել։

Օրենքը նախատեսում է մինչեւ երեք տարվա ազատազրկում յուրաքանչյուրի համար, ով կեղծ կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն է տարածում: