Ընդդիմադիր պատգամավորները ներկայացրել էին 4 առաջարկ։ Դրանցից ընդունվել է մեկը, այն էլ մասամբ։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում եւ հարակից 37 օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։
Մնացած երեք առաջարկներով առաջարկվում էր, որ ոստիկանության ղեկավարությունը նշանակվի նախագահի կողմից։ Սակայն, քանի որ ոստիկանությունը, օրենսդրական փաթեթի ընդունումից հետո դառնալու է ներքին գործերի նախարարությանը հաշվետու կառույց, կառավարությունում անհնար են համարել նման կարգավորումը։
Միակ բացառությունը կլինի ոստիկանության զորքերի հրամանատարությունը, քանի որ դրանք, գործող Սահմանադրությամբ, համարվում են «այլ զորային ստորաբաժանումներ»։ Ուստի նշանակումների ու կոչումների հարցերը կորոշի նախագահը։
«Սակայն մենք մտադիր ենք հետագայում ստեղծել ոստիկանության գվարդիա։ Այսպիսով, հարցը կլուծվի, եւ, հաշվի առնելով ֆունկցիոնալ բազայի փոփոխությունը, ոստիկանության զորքերի հրամանատարությունը նույնպես կնշանակվի հանրապետության վարչապետի կողմից»,- ասաց փոխնախարարը։
Այսպիսով, իշխանությունները, ըստ էության, կլուծեն միակ օրենսդրական «բացը», որը կանգնած է «սուպերվարչապետության» կառավարման համակարգին հասնելու ճանապարհին։
Ընդդիմության գնահատմամբ՝ Կառավարության կողմից նախատեսվող փոփոխություններն ուղղված են Հայաստանում սուպերվարչապետության համակարգի ուժեղացմանը։





























