Թուրքիայում սկանդալային «Էրգենկոն-1»-ի հերթական դատավարության ընթացքում Cumhuriyet թերթի խմբագրության դեմ հարձակման մեջ մեղադրվողներից Բեդրիհան Շինալը սենսացիոն հայտարարություններ է արել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանի կողմից վարվող «Էրգենեկոն-1»-ի հերթական՝ 195-րդ դատական նիստին դատարանի նախագահը հարցեր է ուղղել Cunhuriyet թերթի դեմ հարձակման մեջ մեղադրվողներից Բեդրիհան Շինալին։ Մեղադրյալն ի պատասխան դատավորի հարցի, նշել է, թե ոստիկաններն իր տատու հաշվին էին փոխանցել 150 հազար լիրա (100 դոլար) եւ հրահանգել, որպեսզի ինքը մեղադրի մյուս կասկածյալներին։
Բեդրիհան Շինալին պնդել է նաեւ, թե Հրանտ Դինքի սպանությունից հետո ինքը ոստիկանների հետ պետք է հարձակումներ իրականացնեին «Ակոս»-ի աշխատակիցների դեմ եւ այդ նպատակով իրականացրել էին նախապատրաստական աշխատանքներ։
Նշենք, որ թուրքական մամուլում հայտնվել էր տեղեկություն, որ առաջիկայում Դինքի սպանության գործով հերթական դատական լսման ժամանակ կհայտարարվի, որ «Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալները կապ չունեն Դինքի սպանության հետ։
Հիշեցնենք, որ Դինքի դեմ մահափորձ կազմակերպելու փաստեր հայտնի էին դարձել «Էրգենեկոն»-ի, «Վանդակ» եւ «Մեծ մուրճ» գործերով նախաքննությունների ընթացքում:


























